Կարծիք. Վրացական բանտերի շուրջ աղմուկն ընտրություններից առաջ կնվազի
«Վրացական բանտերում կիրառված կտտանքների շուրջ սկանդալը երկար տարիների ընթացքում կուտակված խնդրի արդյունքն է»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը, հիշեցնելով, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ ահազանգում էր, որ կան պրոբլեմներ, պետք է արվեն բարեփոխումներ և իրավիճակը շատ վատ է: «Բանտերը լցված են, նույնիսկ չափից դուրս, թույլատրելի թվաքանակից 20-30 տոկոսով բանտարկյալներն ավելին են, և պետք էր որևէ այլընտրանք առաջարկվեր»,- պարզաբանեց նա:
Ըստ բանախոսի` խորհրդարանական ընտրություններից առաջ բանտերի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը դեպքերի զարգացման արդյունք է, ոչ թե միտում: «Բանտերից մեկի աշխատողը մեկնում է Բելգիա և որոշում այնտեղ հրապարակել տեսանյութը: Վրացական մամուլում կա նաև ինֆորմացիա, թե ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ինչ որ չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այդ անձին, և վերջինս համաձայնվել էր հրապարակել այդ տեսանյութը»,-ասաց նա:
Վրացագետի կարծիքով` սկանդալը մեծ ազդեցություն կունենա ընտրությունների ընդհանուր ֆոնի վրա, չնայած որ ընդդիմությունը, ըստ Ջ.Մելիքյանի, չկարողացավ ավելի կոռեկտ դրսևորել իրեն և օգտվել դրանից: «Այս մի քանի օրվա ընթացքում ակցիաներ կազմակերպվել են, բայց որևէ միասնական ոգի չկա: Կարծում եմ, մինչև ընտրություններ այս աղմուկը կիջնի և իրավիճակը կբալանսավորվի»,- ասաց բանախոսը, կարծիք հայտնելով, թե իշխանություններն ընտրությունների նախաշեմին կփորձեն շեղել հանրության ուշադրությունը բանտերի խնդրից:
Նախորդող լուրը` Վրաստանում բանտարկյալների խոշտանգումների մասին տեսանյութերը աղմկահարույց սկանդալի տեղիք են տվել (տեսանյութ)