Բջջային դրամապանակը Հայաստանում. շուտով վճարումները հնարավոր կլինեն նաև բջջային հեռախոսով
Ինտերնետ վճարային համակարգի գործարկման ու էլեկտրոնային փողերի թողարկման շնորհիվ Idram վճարային համակարգը ներդրել է բջջային դրամապանակի ծառայություն, որը կգործարկվի այս տարվա հոկտեմբերից: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Idram-ի տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանը, iPhone և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված «Իդրամ» հավելվածը հնարավորություն կընձեռի հաճախորդներին օգտվել ամբողջ աշխարհում լայն տարածում գտած «բջջային դրամապանակի» ծառայություններից:
Գ.Պողոսյանի խոսքերով՝ «բջջային դրամապանակ»-ը հնարավորություն կտա կատարել վճարումներ բջջային հեռախոսով: «Գրանցվելով «Իդրամ» համակարգում, հաճախորդները ընդամենը մի քանի վայրկյանում հնարավորություն են ստանում իրենց կոմունալ վճարումները կատարել, դրամական փոխանցումներ անել, մարել հարկերն ու տուրքերը, էլեկտրոնային առևտուր կատարել և օգտվել համակարգի ընձեռած բազմաթիվ այլ հնարավորություններից»,- ասաց նա:
Գ.Պողոսյանը տեղեկացրեց, որ հստակ չի կարող ասել, թե Հայաստանում այդ համակարգից բջջային հեռախոս օգտագործողների քանի տոկոսը կօգտվեն: Ըստ նրա՝ մեր երկրում մոտ 2 %-ն ունի iPhone հեռախոս, իսկ մոտ 20%-ը օգտագործում է Android համակարգ, ուստի կարծում է, որ բջջային հեռախոս օգտագործողների 40-50 տոկոսը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կսկսի այդ համակարգից օգտվել: «Հայաստանի բնակչության 60-70 տոկոսը օգտվում է բջջային հեռախոսներից, դա նշանակում է, որ հեռախոսով մատուցվող ծառայությունները շատ ավելի արագ կզարգանան և մարդիկ ավելի հեշտ դրանց կընտելանան»,- ընդգծեց Գ.Պողոսյանը: Idram-ի տնօրենի խորհրդականը «բջջային դրամապանակի» ակնհայտ առավելություններից առանձնացրեց ժամանակի խնայողությունը, քանի որ «բջջային դրամապանակ»-ի միջոցով ցանկացած տեղ և ժամի հնարավոր է առևտուր և գործարքներ իրականացնել:
Նշենք, որ «Իդրամ» ընկերությունը Հայաստանում գործում է 2004թ.-ից: Համակարգում այսօր գրանցված է շուրջ 40-50 հազ. հաճախորդ: