Շվեդ պատգամավորները Սաֆարովի գործով Հունգարիայից պարզաբանումներ են պահանջում
Շվեդիայի խորհրդարանի տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորները Շվեդիայում Հունգարիայի դեսպան Գաբոր Շենտիվանյիին (Gabor Szentivanyi) ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ներման վերաբերյալ նամակ են ուղարկել և որոշ պարզաբանումներ պահանջել: Նամակում շվեդ խորհրդարանականները նախ նշում են, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Հունգարիայի իշխանությունների կողմից էքստրադիցիայի ենթարկված Սաֆարովին և հավելում, որ իրենք միանում են միջազգային կազմակերպությունների՝ ծանր հանցագործին փառաբանելը դատապարտող հայտարարություններին:
«Մենք խորապես մտահոգ ենք, որ այդ ամենը կարող է ազդել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա: Պարոն դեսպան, մենք, որպես Շվեդիայի խորհրդարանի անդամներ, ցանկանում ենք պարզել՝ Ձեր Կառավարությունը, որը Եվրոպայի Միության անդամ է, ինչպե՞ս է պատասխանելու կանոնների ու համաձայնությունների կոպիտ խախտմանը, ինչպե՞ս է պահանջելու Բաքվից հարգել միջազգային օրենքը, որի համաձայն տեղի ունեցավ արտահանձնումը:
ԶԼՄ-ները և Հունգարիայի ընդդիմությունը հայտարարում են, որ հունգարական կառավարության համար վճռորոշ դեր են խաղացել ադրբեջանական կողմից տված ֆինանսական խոստումները: Եվ այժմ հանցագործին ներում շնորհելու փաստը վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշտեցմանն ուղղված գործընթացին: Մենք հույս ունենք, որ հունգարական կառավարությունը ըստ պատշաճի պարզաբանումներ կտա այս ամենի առնչությամբ: Միևնույն ժամանակ, մենք հույս ենք հայտնում, որ Ձեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի Բաքվին հասկացնելու, որ կոպտորեն խախտվել է միջազգային իրավունքը և մեծ վնաս է հասցվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացին:
Մենք անհամբեր կսպասենք Ձեր պատասխանին», -ասված է շվեդ խորհրդարանականների նամակում, տեղեկացնում է Շվեդիայում հայկական ասոցիացիաների միությունը: