Սամվել Ալեքսանյանի հարցը կորոշվի 30 օրում
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև հունիսի 21-ին Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին Գասպարիի դիմումը այսօր քննարկվել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստում: Քննարկման ընթացքում որոշվեց պատգամավորի դեմ դիմում-բողոքն ընդունել վարույթ և հարցի զեկուցող նշանակվեց ԱԺ Դանակցություն խմբակցության պատագամավոր Արծվիկ Մինասյանը:
Գասպարիի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացվի 30 օրում:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին երբ Վարդգես Գասպարին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուք-միջադեպի հետ կապված ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում, նրան էր մոտեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել պաստառը։ Իսկ պատգամավորին ուղեկցող անձը գետնին էր տապալել նրան։Գասպարին դիմել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարան` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրան ուղեկցող անձին՝ սահմանադրական կարգը խախտելու և խուլիգանություն դրսևորելու համար: Սակայն ակտիվիստի հայցը մերժվել էր: Դրանից հետո էր, որ Գասպարին որոշեց դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողով:
Ազգային ժողովի այս նստաշրջանում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահն է Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովի կազմում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մերուժան Սիմոնյանը, Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը և Հանրապետական խմբակցությունից Դավիթ Հարությունյանը:
Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է ԱԺ կանոնակարգ օրենքով: Ըստ այդմ, սա ԱԺ միակ հանձնաժողովն է, որը մշտական չէ. այն կազմավորվում է խորհրդարանի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում` խմբակցությունների կողմից մեկական թեկնածուների ներկայացմամբ: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենաշատ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին: Այս խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովը կղեկավարեն Հայ Ազգային կոնգրես և Հանրապետական խմբակցությունները:
ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է, որ հանձնաժողովը ԱԺ-ին եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ, ինչպես նաև որոշում է կայացնում պատգամավորի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու և պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու կանոնակարգով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ: