Գագիկ Ծառուկյանի փեսան դարձյալ կղեկավարի Աբովյանը
Աբովյան քաղաքում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողների պասիվություն է զգացվել. ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 29.79 տոկոսը, այսինքն՝ 42.552 ընտրողից մասնակցել է ընտրություններին 12.675-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, Աբովյանի քաղաքապետ է վերընտրվել Կարապետ Գուլոյանը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Այսպես, ըստ նախնական տվյալների, Կարապետ Մուրադի Գուլոյանի օգտին քվեարկել է 10 հազար 186 ընտրող, իսկ մյուս թեկնածու Արտաշես Նորիկի Մեհրաբյանի օգտին՝ 1778 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 791, անճշտությունների չափը՝ 0:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 23-ին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են կայացել 318 համայնքում, որից 20-ը քաղաքային համայնքներ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար, ընդհանուր առմամբ պայքարել են 521 թեկնածուներ, ավագանու անդամության համար՝ 2626: Համայնքի ղեկավարի 521 գրանցված թեկնածուներից ընդամենը 11-ն են կանայք, ավագանու անդամի թեկնածուներից` 164-ը:
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել Հանրապետական կուսակցության 241 անդամներ:
«Բարգավաճ» Հայաստան» կուսակցությունից պայքարի էր դուրս եկել 69 թեկնածու, 21-ը` Հ.Յ. Դաշնակցությունից են, 6-ը` «Օրինաց Երկիր» կուսակցությունից, 2-ը` Կոմունիստական կուսակցությունից, 2-ը` Ժողովրդավարություն և Աշխատանք Կուսակցությունից, մեկական թեկնածուներ էլ ունեն «Ժառանգություն»-ը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, ԱԻՄ-ը և Հայոց Համազգային շարժում կուսակցությունները: