
Իրանի նախագահական ընտրություններին կանայք ևս հնարավորություն կունենան առաջադրել իրենց թեկնածությունը
Իրանի նախագահական ընտրություններին կանայք ևս հնարավորություն կունենան առաջադրել իրենց թեկնածությունը:
Այդ մասին իրանական «շաֆաֆ.իռ» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ Մեջլիսի ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ամիր Խոջասթեն:
Իրանցի խորհրդարանականը նշել է, որ նախագահի ընտրության մասին օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը կներկայացվի Մեջլիսի նախագահությանը:
Ըստ Խոջասթեի՝ օրենքի փոփոխված տարբերակը կանանց համար ևս պայմաններ է նախատեսում, որպեսզի վերջիններս կարողանան իրենց թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին:
Նկատենք, որ հաջորդ տարի լրանում է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանը և համաձայն այդ երկրի սահմանադրության՝ նախագահն այլևս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին: ԻԻՀ նախագահի 11-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻԻՀ նախագահի հավանական թեկնածուներ են համարվում ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին: