Ադրբեջանական նյութերը դուրս են հանվել «JATA» ցուցահանդեսից
Սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացած «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների և այցելուների շրջանում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, և ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ադրբեջանի ջանքերը, միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվեցին` հանդիպելով զգոնության մեր հակազդեցությանը:
Հիմնադրամից հիշեցնում են, որ օրեր առաջ Փարիզում կայացող «Top Resa» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենին` տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները և գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:
Տոկիոյում կայանացած «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին: