97 կաթսա հարիսա, երգուպար. Մուսալեռան հերոսամարտի 97-ամյակն էր (ֆոտոռեպորտաժ)
Սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում ավանդաբար տոնվում է համանուն հերոսամարտի հիշատակի օրը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով պատմական հայրենիք, հիմնել են համանուն գյուղը, հուշարձան կանգնեցրել և 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան հերոս պաշտպանների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում:
Այս տարի էլ բացառություն չէր, բայց քանի որ սեպտեմբերի երրորդ կիրակին Խաչվերաց տոնն էր, ապաև Մուսալեռի տոնակատարությունը տեղափոխվեց մեկ շաբաթով և նշվեց նախօրեին:
Հարիսա եփելն ունի իր խորհուրդը. պաշարված մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը, հարելու գործընթացն էլ` «Հարիր սա», հետագայում դրա անվանումն է դարձել: Բայց, քանի որ ամենամյա տոնակատարություններում հարիսան որպես մատաղ է ժողովրդին հրամցվում, ապաև պատրաստվում է գառան մսով:
Իրական տոնակատարությունը մեկնարկեց շաբաթ օրը երեկոյան, երբ հուշարձանի հարևանությամբ տեղակայված Մուսալեռան հերոսամարտի թանգարանի հարևանությամբ` հարիսաատանը, հերոսամարտից անցած տարիների թվով 97 կաթսաներ, լիքը մատաղ գառան մսով ու ցորենով, դրվեցին կրակի վրա:
Մատաղացու հարիսան եփվեց ողջ գիշեր, իսկ մուսալեռցի երիտասարդներն ու տարեցները հետևում էին, որպեսզի կրակը չմարի, հարևանությամբ խարույկն էր վառվում, որի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր էին հնչում, քիչ այն կողմ էլ ծառերի տակ երիտասարդները վրաններում լուսաբացն էին դիմավորում… Իրենց հերթին առևտրականներն էին տեղավորվում տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից, հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի.... ու այդպես ամեն տարի:
Տատին` ալոճներով ու թթու լավաշով պատրաստվում է բուն տոնակատարությանը
Panorama.am-ի հետ զրույցում «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության նախագահ Պերճ Ղազարյանը նշեց, որ իրենք փորձել են հնարավորինս պահպանել միջոցառման հիմնական ատրիբուտները` երգը, խոսքը, անգամ հարիսա եփելու ավանդույթը: Տոնակատարությունները ի սկզբանե հայաստանաբնակ մուսալեռցիների միջոցներով են իրականացվել (ի դեպ, հուշարձանն էլ նրանց հանգանակություններով է կառուցվել) և վերջին 20-25 տարում էլ հայրենակցական միության միջոցներով է կյանքի կոչվում.
«Ամենամյա դժվարությունները միջոցների հայթհայթման առումով, իհարկե ,ունենում ենք, քանի որ կայուն հովանավորում չունենք, բայց փառք Աստծո այս տարվա միջոցներն էլ հայթհայթեցինք»,- նշեց Պ.Ղազարյանն ու մեր հարցին ի պատասխան հնչեցրեց այն թիվը, որի շրջանակում էլ նախօրեին հնարավոր եղավ կազմակերպել նման միջոցառում` շուրջ 5 հազար ԱՄՆ դոլար:
Արբատ գյուղի «Հայաստան» գոռացող 5-րդ դասարանցիները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում