«Սովետական դպրոց եմ անցել, չեմ իմացել «սփրեդ» բառը». արդարանում է մանկապարտեզներին «սփրեդ» մատակարարողը
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես կարագի ձեռքբերման և իրացման գործընթացում անբարեխիղճ երևույթներ հաճախ են դրսևորվում»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ, մասնավորապես, հաճախ արձանագրում են դեպքեր, երբ տնտեսվարողները կարագի անվան տակ սփրեդ են իրացնում:
«Մանկապարտեզներում նման գործելաոճը սովորական անբարեխիղճ մրցակցության երևույթ չէ, սա նաև ապօրինություն, անօրինակություն է, քանի որ առաջին հերթին դա առնչվում է երեխաների հետ, պետական բյուջեի միջոցների օգտագործման հետ»,- ասաց Ա.Շաբոյանը:
Նրա խոսքերով՝ պետությունը գումար է տրամադրում ոչ թե սփրեդի, այլ կարագ ձեռք բերելու նպատակով, սակայն անբարեխիղճ տնտեսվարողները մասնակցելով մրցույթներին, մի փոքր էժան առաջարկ ներկայացնելով՝ մրցույթներում հաղթող են ճանաչվում, որից հետո էլ կարագի փոխարեն սփրեդ են մատակարարում:
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ կարագի ձեռքբերման համար պետությունը հատկացնում է մոտ 2500 դրամ, մինչդեռ տնտեսվարողները իրենց մրցութային հայտերում ավելի էժան գնային առաջարկ են ներկայացնում՝1800-2000 դրամի չափով, որպեսզի մրցակցային առավելություն ստանան մյուս տնտեսվարողների նկատմամբ:
«Արդյունքում, նրանք հաղթող են ճանաչվում և կարագի փոխարեն մատակարարում 1000-1200 դրամ արժողությամբ սփրեդ»,- նշեց նա:
Բացի այդ, ըստ Ա.Շաբոյանի, տնտեսվարողները իրենց անբարեխիղճ գործունեության հետևանքով շուկայից դուրս են մղում բարեխիղճ տնտեսվարողներին: «Բացահայտել ենք դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները տեղյակ են եղել, որ տնտեսվարողները սփրեդ են մատակարարում; Այս դեպքերը բացահայտվել են մարզերում»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ՏՄՊՊՀ նիստին ներկա տնտեսվարողների ներկայացուցիչներն արդարացան, որ չեն հասկացել սփրեդի ու կարագի տարբերությունը, բացի այդ, իրենք սփրեդը դիտարկում են որպես էժան կարագ:
Մասնավորապես, «Լուսաշխարհ» ընկերության ներկայացուցիչ Մհեր Գևորգյանն ասաց, որ իրենք տեղյակ չեն, թե սփրեդն ինչ է: «Սովետական դպրոց եմ անցել, չեմ իմացել «սփրեդ» բառը իրենից ինչ է ներկայացնում, ուստի այստեղ հանցագործություն չեմ տեսնում: Բացի դրանից, ես համ տվել եմ էժանագին կարագ, համ էլ՝ Նոր զելանդական կարագ»,- արդարացավ Մ.Գևորգյանը: Նա նաև պատճատաբանեց, թե «կարագ ենք գրել, որ մենք էլ կողմնորոշվենք»: «Հետո ինչ, որ հաշիվ-ապրանքագրում սփրեդ են գրում, տեսքից կարագ է», - արդարանում էր «Լուսաշխարհ» ընկերության ներկայացուցիչը:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի նիստում մանկապարտեզներին «սփրեդ» մատակարարող 27 տնտեսվարող ենթարկվեցին պատասխանատվության: Նրանց նկատմամբ կիրառվեց անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրության նախատեսված առավելագույն պատժաչափ` տվյալ տնտեսվարողների տարեկան հասույթի 1%-ի չափով: