«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Quadra Drive 2012» բաց առաջնության հաղթողներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան պարգևատրեցին «Quadra Drive 2012» միջազգային բաց առաջնության հաղթողներին: Սեպտեմբերի 15-16-ը Տավուշի մարզում կայացած «Jeep Trophy» կողմնորոշում տիպի առաջնությանը մասնակցեցին 32 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:
Միջոցառումը մեկնարկեց Դիլիջան քաղաքում: Մարզիկները տոպոլոգիական քարտեզների օգնությամբ անցան երթուղու նշված կետերով, Մեծ և Փոքր Մայմեխ սարերով` հասնելով Իջևան, որտեղ էլ հայտարարվեց ավարտը: 16-ժամյա մրցույթի հաղթող ճանաչվեցին ամենաշատ միավոր հավաքած մարզիկները:
Արտաճանապարհային մեքենաների դասում հաղթող ճանաչվեցին երևանցիներ Դավիթ Մարտիրոսյանը, Ռուբեն Սահակյանը և Լյուդվիգ Երմազյանը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Քառացիկլետների դասում հաղթողները նույնպես Երևանից էին: Էդուարդ Գայֆաջյանը, Գարեգին Արզումանյանը և Հակոբ Ղարախանյանը համապատասխանաբար նվաճեցին ոսկի, արծաթ և բրոնզ:
«Հերթական անգամ հայ մարզկներն ապացուցեցին իրենց վարպետությունը դժվարանցանելի ճանապարհներին` ցուցաբերելով դիմացկունություն և մեծ կամքի ուժ: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հայ մարզիկներին` մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ, նոր ռեկորդներ և հաղթանակին հասնելու մեծ ցանկություն»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը, իր հերթին, նշեց. «Ադրենալին» ասոցիացիայի անունից ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը` էքստրեմալ սպորտաձևերի ամենատարբեր մրցություններին աջակցելու համար: Երախտապարտ ենք նաև այն ներդրման համար, որ ընկերությունն ունեցավ ոչ միայն պրոֆեսիոնալ վարորդների, այլ նաև երիտասարդ մարզիկների զարգացման և թիմային ոգի դաստիարակելու գործում»:
Նշենք, որ մարզիկները, ընդհանուր առմամբ, հաղթահարեցին 180 կմ: Մրցույթներին հետևում էին Դիլիջանի, Իջևանի և մոտակա գյուղերի հազարավոր բնակիչներ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Իջևան քաղաքում և ուղեկցվեց տոնական համերգով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում