Ադրբեջանը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներ է «գերեվարել»
Ադրբեջանի պետական սահամանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի վեց քաղաքացիների, որոնցից երեքն ազգությամբ հայեր են:
Ադրբեջանական լրատվական միջոցները հայտնում են, որ Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են «փչովի ռետինե նավակով և մետաղյա նավակով Ադրբեջանի պետական սահմանը խախտելու համար»: Վրաստանի քաղաքացիներ Զուրաբ Խիխիտիաշվիլին, Նոդար Գոգիլաձեն, Վալերի Զաբիևը, Էդուարդ Արզումովը, Սերգեյ Լեխանդյանը և Միշա Սարգսյանը ձերբակալվել են վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Ջանդարի լճի (ջրամբարի) վրա: «1news.az»-ի փոխանցմամբ` «փաստի առնչությամբ հանգամանքներ են պարզվում»:
Տեղեկացնենք, որ Ջանդարի լիճը (ադրբեջանական տարբերակով Ջանդարգյոլ) գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանին` Հայաստանի պետական սահմանից մոտ 15կմ հեռավորության վրա: Լիճը, ինչպես նաև նրա հարևանությամբ գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրը ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած վարչական սահմանով բաժանված է Ադրբեջանի և Վրաստանի միջև: 2կմ երկարությամբ և 1.5կմ լայնությամբ լիճը գրեթե սիմետրիկ բաժանված է երկու երկրների միջև:
Պետական սահմանի հարցում երկու երկրների ունեցած տարաձայնությունները հիմնականում կապված են սահմանի այս հատվածի հետ. Վրաստանը ցանկություն ունի փոխանակել այս տարածքը մեկ այլ տարածքի հետ, քանի որ այն ունի մեծ մշակութային և պատմական նշանակություն Վրաստանի համար, իսկ Բաքուն հրաժարվում է փոխանակել այն` տարածքի բարձրունքների կարևոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է օգտագործել նաև Հայաստանի դեմ: Տարածքային այս վեճն է պատճառը, որ Վրաստանն ու Ադրբեջանը մինչ օրս չեն սահմանազատել պետական սահմանը:
Տեղի բնակիչների պատմելով լիճը մեծ հետաքրքրություն է վայելում Վրաստանի բնակչության շրջանում: Այն հայտնի զբոսաշրջային կայան է` Դավիթ Գարեջայի վանական համալիր մեկնող ուխտավորների համար, իսկ հասարակության մի զգալի մասի համար էլ` ձնորսության ու որսատեղի: Տեղացիների պատմելով, Վրաստանի տարբեր ծայրերից տարվա այս սեզոնին այստեղ են ժամանում թռչնի որսի սիրահարները, քանի որ դեպի հարավ մեկնող թռչունների հսկայական տեսականի հենց Ջանդարի լճում է հանգստանում: Տարածված է նաև վարազների որսը:
Լճի հարևանությամբ գտնվող Գարդաբանի քաղաքի բնակիչների ներկայացմամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո վրաց-ադրբեջանական սահմանի այս հատվածը միշտ էլ եղել է երրկկողմ պետական ռեկետի օջախ. երկու կողմից սահմանապահները գերեվարել են այստեղ եկած հիմնականում որսագողերին և կաշառքի դիմաց բաց թողել: Եվ եթե վերջին տարիներին վրացական կողմում այս գործելաոճը դադարեցվել է, ապա ադրբեջանական սահմանապահները շարունակում են աշխատել նույն ոգով: