6 ամիս ազատազրկման պահանջ. «Հարսնաքար»-ը պայթեցնել սպառնացող փոխգնդապետի դատը շուտով կավարտվի
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել սպառնացող փոխգնդապետ Վարդան Սամվելյանին որպես պատիժ մեղադրող դատախազ Տիգրան Հարությունյանը պահանջեց 6 ամիս ազատարզկում (ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մաս) և 200 հազար դրամ տուգանք (ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 4-րդ կետ):
Մինչ այդ մեղադրյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդել էր դատարանին դատական գործընթացն անցկացնել արագացված ընթացակարգով, առավել ևս այն դեպքում, երբ մեղադրյալն ընդունել էր իր մեղքը:
Վարդան Սամվելյանը Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի նախկին տեղակալն էր, կոչումով` փոխգնդապետ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։
Ավելի ուշ, արդեն նախաքննության ընթացքում Սամվելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկը` նույն հոդվածի 4-րդ կետը` ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեծ ՊՆ բուժծառայության սպա Վահե Ավետյանի հետ կատարվածից հետո հուլիսի 1-ին փոխգնադապետը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ, փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն:
Այսօրվա նիստում կողմերն հանդես են եկել ավարտական ճառով, և հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, հենց այդ ժամանակ էլ կհրապարակվի դատավճիռը:
Փոխգնդապետն այժմ աշխատանքից ազատված է, ինչ վերաբերում է կոչումից զրկվելուն, ապա փաստաբան Հարությունյանը Panorama.am-ին փոխանցեց, որ կոչումը կարող է վերացվել միայն դատարանի վճռով, իսկ նման պահանջ նախաքննական մարմինն առաջ չի քաշել:
Հարությունյանի համար մեղադրող կողմի պահանջը` 6 ամիս ազատազրկում և 200 հազար դրամ տուգանք, օբյեկտիվ էր, ասաց, որ մեղադրող կողմը հաշվի էր առել բոլոր մեղմացուցիչ հանգամանքները` երկու անչափահաս երեխա, հիվանդ հայր և բնութագրական լավ հատկանիշներ:
«Ի զարմասն ինձ, օբյեկտիվ պահանջ էր ու միջնորդություն պատժի ու պատժատեսակների վերաբերյալ: Օբյեկտիվ էր, քանի որ բոլոր մեղմացուցիչ հանգամանքները հաշվի էին առնվել», -փոխանցեց Հարությունյանը:
Նշենք, որ պաշտպանական կողմն այսօր դատարանից միջնորդել էր պայմանականորեն պատիժը չկիրառել: