Հայաստանյան բջջային օպերատորները պատրաստվում են iPhone 5-ի մուտքին
Այժմ Orange Armenia-ն, որը Apple-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, բանակցում է Apple-ի հետ, որպեսզի մինչև տարեվերջ iPhone 5 մոդելի հեռախոսները հայտնվեն նաև հայաստանյան շուկայում: Այս մասին Panorama.am-ին ասաց Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Apple ընկերությունը iPhone 5 մոդելի սմարթֆոնը սեպտեմբերի 21-ից վաճառքի էր հանվել 21 երկրներում, սեպտեմբերի 28-ին նոր մոդելը վաճառվելու է ևս 22 երկրներում:
iPhone-ներն աշխատում են հատուկ nano-SIM քարտերով: nano-SIM քարտերը 40%-ով ավելի փոքր են ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունում օգտագործվող micro-SIM քարտերից:
Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում հայաստանյան բջջային օպերատորների կողմից:
Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ իրենք nano-SIM քարտեր կսկսեն վաճառել հեռախոսների պաշտոնական վաճառքից ավելի շուտ. «Առաջիկա տաս օրվա ընթացքում ընկերությունը կսկսի արդեն սպասարկել nano-SIM քարտեր»:
«Վիվա-Սել-ՄՏՍ» ընկերության մամլո խոսնակ Վահե Իսահակյանն ասաց, որ իրենց ընկերությունը ձեռնարկել է նախապատրաստական անհրաժեշտ քայլեր, որպեսզի iPhone 5-ի հայաստանցի օգտվողներին հնարավոր լինի տրամադրել nano-SIM քարտեր:
ԱրմենՏել (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն էլ Panorama.am-ին ասաց, որ ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր, որ nano-SIM քարտեր բերվեն Հայաստան իրենց բաժանորդների համար: «Համոզված եմ, որ Հայաստանում iPhone 5-ի պաշտոնական վաճառքի պահին մենք արդեն կունենանք այդ քարերը մեր գրասենյակներում»,- նշեց նա:
Նախորդող նորություն`
Վաճառվել է 5 միլիոն iPhone 5. շուտով նաև` Հայաստանում