Մարսելի գործարարները Երևանում են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տարոն Մարգարյանն նշել է, համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:
«Երևանում այսօր ապահովված է ներդրումային բարենպաստ դաշտ բոլոր ներդրողների համար»,- նշել է քաղաքապետը:
Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարը նշել է, որ Մարսելի գործարարները բազմիցս են համոզվել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ:
Ըստ աղբյուրի, մարսելցի գործարարները Երևանում են գտնվում «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս փառատոնը ևս մեկ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու ու համագործակցելու համար: