Պ.Մոնյե. ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կհաջողվի հասնել առաջընթացի
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ իրենք հավատում են, որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կհաջողվի հասնել առաջընթացի և գտնել հակամարտության լուծման բանալին:
Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կախված է կողմերի քաղաքական կամքից: Սակայն, առաջընթացն առաջին հերթին կախված է ներգրավված կողմերի քաղաքական կամքից: Մենք կարող ենք օգնել, սակայն առանց քաղաքական կամքի հնարավոր չէ առաջ շարժվել»,- նշել է նա:
Դեսպանը նաև հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը Փարիզում կայացած Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում քննարկման կարևորագույն թեմաներից մեկն է եղել:
«Չի կարելի ասել, որ Ֆրանսիան ակտիվ չէ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` վերջին երկու հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ տեղի են ունեցել Փարիզում»,- հիշեցրել է Պասկալ Մոնյեն: