Վ.Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունից ԱԺ-ում տեղյակ չեն
«Անտեղյակ եմ. նման բանի չեմ տիրապետում»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ԱԺ ղեկավարությունը պատրաստվում է կազմակերպել և առաջիկա քառօրյայում քննարկել դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը:
Այն հարցին, թե եթե նման միջնորդություն ԱԺ-ին ներկայացվի, ապա քանի օր է պետք անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի համար, Վ.Գասպարյանը տեղեկացրեց, որ ընթացակարգերը պետք է պահպանվեն մինչև հերթական քառօրյան, քանի որ հարցը հենց դրա ընթացքում պետք է քննարկվի: Բայց այս պահի դրությամբ, իր ունեցած տեղեկություններով, նման գործընթաց չկա:
Նման տեղեկությունների տարածումը զարմացրեց նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին. այս հանձնաժողովի գործառույթն է պատրաստել միջնորդության ներկայացումը: Տեղյակ չէին նաև ԲՀԿ-ում` իր հերթին ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարցի վերաբերյալ Panorama.am-ին ասաց, թե «իրավական որևէ գործընթաց չկա»:
Հիշեցնենք, «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 9-ի 2-րդ կետի համաձայն` «Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության»:
Իսկ ահա հիշատակված 98-րդ հոդվածն էլ սահմանում է` «Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին և ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում»:
Նախորդիվ` http://panorama.am/am/popular/2012/09/25/hraparak2/
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են