Գրեմմի մրցանակակիր Եվգենի Կիսսինը Հայաստանում է
Գրեմմի մրցանակակիր, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսսինը միայն մեկ մենահամերգով հանդես է գալու հայ հանդիասականի համար: Համերգի կազմակերպիչ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր և Արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը ասուլիսում ներկայացնելով դաշնակահարին, նշեց, որ կատարողական արվեստի ներկայացուցիչների մասին հանճարեղ խոսքը հազվադեպ է կիրառվում, բայց Կիսսինի դեպքում դեռ վաղ հասակից են կիրառել, և արվեստագետի հետ ելույթ ունենալը բոլորի համար պատիվ է և մեծ ձեռքբերում:
Դեռևս 2 տարեկան հասակում Կիսսինը սկսել է նվագել, իսկ 11 տարեկանում կայացել է նրա առաջին մենահամերգը: Նա հանդես է եկել եվրոպական մի շարք քաղաքներում, Ամերիկայում, արժանացել է բազմաթիվ համաշխարհային երաժշտական պարգևների, 2006-ին և 2010-ին արժանացել է Գրեմմի մրցանակին: Նա տարեկան տալիս է 50-55 համերգ:
«Երբեք չեմ հետաքրքրվել մրցանակներով: Իհարկե, կան թանկ մրցանակներ, որոնք յուրահատուկ միջավայրում կամ մարդկանց կողմից են տրվում, օրինակ հայկական մրցանակները` Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչումը, կամ Նանսենի մրցանակը (2005 թ.), Ռուսական «Տրիումֆ» մրցանակը (1996 թ.), որը մինչ այժմ էլ շատ հեղինակավոր է»,-ասաց նա:
Ծրագրում հնչելու է Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի և Լիստի ստեղծագործությունները:
Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը, որը սկզբում կոչվում էր «21-ի հեռանկարներ» հիմնադրվել է 2000 թվականին: Փառատոնն իր գոյության ընթացքում Հայաստան է հրավիրել աշխարհի առաջնակարգ մենակատարներ և նվագախմբեր, որոնց թվում են Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Յուրի Բաշմետը և Գիդոն Կրեմերը՝ «Մոսկվայի մենակատարներ» և «Կրեմերատա Բալտիկա» կամերային նվագախմբերի հետ, Քրիստոֆ Էշենբախը՝ «Շլեզվիգ Հոլշտայն» փառատոնային սինֆոնիկ նվագախմբի հետ, Քրոնոս քառյակը, Շանհայ քառյակը, Տոկիո լարային քառյակը, Բորոդինի անվան քառյակը, Վիենայի տղաների երգչախումբը, Հիլիարդ անսամբլը, մենակատարներ Պինկաս Ցուկերմանը, Միշա Մայսկին, Յուլիան Ռախլինը, Դանիել ՄյուլերՇոթը, Բորիս Բերեզովսկին, Դավիդ Գերինգասը, Վիկտոր Տրետյակովը, ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը, երաժիշտ Գորան Բրեգովիչը իր նվագախմբով, իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն, շվեյցարական Aquatuor և pre-art խմբերը, կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ռոդիոն Շչեդրինը՝ Մայա Պլիսեցկայայի հետ միասին, Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում