Արծվիկ Մինասյան. «Միասնական հարկատեսակը տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա»
«Մինչ այս ՀՀ ոչ մի կառավարություն նվազագույն աշխատավարձը չի հարկել: Սա միակ կառավարությունն է, որ առաջարկեց Հայաստանում հարկել նվազագույն աշխատավարձը և Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հետ միասին պարտադրեց, որ ԱԺ-ում ընդունվի «Եկամտային հարկի մասին» օրենքը»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Եկամտային հարկի մասին» օրենքի թերություններին:
Նշենք, որ օրենքը փոխարինելու է ներկայումս գործող «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքներին: Օրենքը գործողության մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից, որի համաձայն՝ պարտադիր սոցիալական վճարի և եկամտահարկի փոխարեն կվճարվի մեկ միասնական եկամտային հարկ: Այսպիսով, նոր ներդվելիք կարգով աշխատավարձը հարկվելու է երեք դրույքաչափով՝ 24.4 տոկոս մինչև 120 000 դրամի, 26.2 տոկոս 120 000-ը գերազանցող եկամուտների համար, իսկ ամսական 2 մլն դրամը գերազանցող եկամտի դեպքում՝ 36 %:
«Օրինակ՝ եթե քաղաքացին ստանում է 32 հազար դրամ աշխատավարձ, հունվարի 1-ից նրա աշխատավարձը սահմանվելու է 39800 դրամ, որից 7700 դրամը վճարվելու է որպես միասնական հարկ: Այսինքն՝ քաղաքացին նորից ստանալու է 32500 դրամ: Սակայն նշենք, որ դրանից հետո տեղի ունեցող նվազագույն աշխատավարձի ցանկացած բարձրացում, ավելի մեծ բացասական ազդեցություն է ունենալու, քան մինչ այս միասնական հարկատեսակի մուտքը»,- նշեց Ա.Մինասյանը:
Ըստ նրա՝ այս քաղաքականության արդյունքում Հայաստանը զրկվելու է նոր աշխատատեղեր ունենալու հնարավորությունից, քանի որ մեկ գործատուի հաշվով մեծանալու է մեկ աշխատատեղ ունենալու հնարավորությունը, մյուս կողմից՝ գործատուն ձգտելու է թաքցնել աշխատատեղերը, քանի որ դա իր համար հարկային լուրջ բեռ է:
Ա.Միանսյանը նշեց, որ եթե որդեգրվեր ՀՅԴ առաջարկած մոտեցումը՝ նվազագույն աշխատավարձը շարունակեին չհարկել և այն սահմանվեր կենսաապահովման նվազագույն բյուջեի չափով, ապա այդ դեպքում գործատուն որևէ շահագրգռվածություն չէր ունենա թաքցնելու աշխատողին:
«Մենք հնարավորություն էինք տալիս ստվերը կրճատել և ավելի արդյունավետ եկամտային քաղաքականություն վարել: Ցավոք, կառավարությունը առաջնորդվում է նեղ գերատեսչական վերլուծական մոտեցումներով և չի նայում ապագային: Սա է մեր իրականությունը»,- ասաց պատգամավորը:
Ա.Մինասյանը հայտնեց, որ ՀՅԴ շրջանառության մեջ է դրել «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով փորձ է արվում վարձատրության միասնական քաղաքականություն ձևավորել Հայաստանում: «Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը չհարկել, սահմանել միասնական դրույքաչափ, ինչը նշանակում է՝ նվազագույն աշխատավարձը պակաս չի լինի կենսապահովման նվազագույն բյուջեից: Բացի դրանից առաջարկվում է սանդղակ, որի համաձայն՝ 2013 թ-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը պետք է լինի ոչ պակաս, քան միջին աշխատավարձի 30 %-ի, 2014 թ-ին՝ 40 %-ի, 2015թ-ից սկսած՝ 50% -ի չափով»,- ասաց Ա.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում