Դ.Հարությունյան. Մինյոնը կփնտրի այլ ուղիներ իր առաքելությունը կատարելու համար
«Այդ հայտարարությունը ենթադրում է, որ քանի դեռ Ժան Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ նախագահն է, նա կփնտրի այլ ուղիներ կատարելու իր առաքելությունը, բայց ոչ ժամանակավոր հանձնաժողովի միջոցով, ինչը ես կարծում եմ ճիշտ է»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է մեկնաբանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԵԽԽՎ նախագահ Մինյոնի օրերս կայացած հանդիպմանը հնչած շեշտադրումները նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, անցած շաբաթ Ստրասբուրգում ԱԺ նախագահի հետ կայացած հանդիպմանը Ժան Կլոդ Մինյոնը մասնավորապես ասել էր, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը և սպառել է իրեն ու հավելել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:
Անդրադառնալով հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին, Դ.Հարությունյանը նշեց, որ ցանկացած նստաշրջան կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի ցանկացած պետության համար: Իսկ հաշվի առնելով վերջին զարգացումները` Սաֆարովի արտահանձնումը և միջազգային արձագանքը. «Նստաշրջանը կարևոր է այդ թվում և այդ գործով»,- հավելեց նա:
Հիշեցնենք, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է արդեն հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 1-ին:
Նախորդիվ` Ժան-Կլոդ Մինյոն. ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը և սպառել է իրեն