Այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է. Երթ Եռաբլուրում (լուսանկարներ)
Գուրգեն Մարգարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ Երիտասարդ համալսարանականների միավորման, Երկրապահ կամավորականների միության և «Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության կազմակերպած երթը:
Մասնակիցները Եռաբլուրի մուքի մոտից երթով բարձրացան եկեղեցու հարակից հրապարակ, որտեղ հնչեցին մի շարք ելույթներ և կոչեր:
«Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ ինքը կարող է լինել Գուրգեն Մարգարյանի տեղում, ինքը կարող է դառնալ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ»,- ասաց ԵՀՄ նախագահ Գևորգ Մելքոնյանը:
Նա նշեց, որ երիտասարդությունն իր բողոքն է արտահայտում նաև Հունգարիայի իշխանություններին, այնուհետև հավելեց.
«Ես ուզում եմ դատապարտել այս` հունգարա-ադրբեջանական գործարքը և երիտասարդների կողմից ասել, որ մենք մեր պետության ու բանակի կողքին ենք»:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջաին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:
Նշենք նաև, որ Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին:
Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, Գուրգեն Մարգարյանի և այլ զոհվածների շիրիմներին: