Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահի որդին մարդկանց «կռուպնի քցելու» սովորություն ունի
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդու` Շահեն Տիգրանի Պետրոսյանի անունը շրջանառվում է մի շարք մութ պատմությունների մեջ. ասում են` նա մարդկանց «կռուպնի քցելու» սովորություն ունի: Դա արվում է այնպիսի մեխանիզմով, որ «քցվածը» վախենա բողոքել, «քցված» գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլինի:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդպիսի տասնյակ քաղաքացիական գործեր կան (քանի որ գործը քրեականին չի հասնում) տարբեր դատարաններում, որոնցով որպես պատասխանող ներգրավված է դատավորի որդին` Շահեն Պետրոսյանը:
«Վերջինս, զբաղվելով գործունեության մի քանի տեսակներով` անշարժ գույքի գործարքներով, իրավաբանական տարաբնույթ ծառայություններով, վարկավորմամբ, փաստաթղթերի պատրաստմամբ և զբոսաշրջությամբ, գտել է շահագրգիռ անձանց, իսկ հետո նրանց հետ մտել համապատասխան գործարքների մեջ. նրանց գայթակղիչ խոստումներ է տվել շահույթ ստանալու մասին, մեծ գումարներ վերցրել ու չի վերադարձրել»,-գրել է թերթը: