Մուֆլոնը` 10.900 եվրո, իսկ բեզոարյան այծը` 9.900 եվրո. Օտարերկրացիների համար ՀՀ-ում որսը թանկ հաճույք է, բայց պահանջված
Խոսրովի արգելոցում հայտնաբերված որսի հետքերը երկու օր է ինչ շարունակում են մնալ հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` անկախ այն բանից, թե ինչ է այս կապակցությամբ հայտարարել ու շարունակում հայտարարել Բնապահպանության նախարարությունը, կասկածամիտ ենք` որսը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Ու, մասնավորապես այն պատճառով, որ դա կապված է մեծ փողերի հետ:
Հերիք է համացանցում «որոնում» կոճակը սեղմես ու հասկանում ես, թե որքան պահանջված ու ամենակարևորը եկամտաբեր են Լեռնահայաստանի վայրի կենդանիները:
Այդպես, Կրասնոդարի «Մայ-Տուր» կազմակերպությունը որսի սիրահարներին պատրաստակամ տրամադրում է մի ամբողջ Price list , որտեղ ներկայացված է որսային խրախճանքի լայն աշխարհագրություն. ինչպես ասում են` միայն թե կարողանաս վճարել: Եվ Հայաստանի կենդանական աշխարհը գնային առումով գրեթե չի զիջում Ավստրալիային, Աֆրիկային կամ այլ երկրներին:
Մասնավորապես, ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ 5-օրյա որսը Հայաստանում բեզոարյան այծի վրա + վերջինս, որպես հաղթանակի վկայություն` կարժենա 9.900 եվրո, իսկ հայկական մուֆլոնի որսը` 10.900 եվրո: Եվ սա այն դեպքում, երբ մուֆլոնի որսը արգելվել է դեռևս 1949թ-ին:
Օտարերկրացիների համար համեմատաբար ավելի մատչելի է կովկասյան արջի որսի կազմակերպումը Հայաստանում` այն ընդամենը 7 հազար եվրո կարժենա:
Համեմատության համար նշենք, որ առկա Price list-ում որսի հնարավորություն է ընձեռվում նաև Ադրբեջանում, սակայն այս երկրում որսը կազմակերպվում է ոչ թե կոնկրետ կենդանու վրա, այլ ընդհանուր: Եվ միայն կովկասյան արջի որսն է, որ հստակ գին ունի և տարբերվում է հայաստանյանից` Ադրբեջանում արջի որսը արժի ընդամենը 4650 եվրո (երևի թե թանկ են այն պատճառով, որ Հայաստանի կովկասյան արջերն ավելի ժողովրդավար երկրում են ապրում, քան հարևան Ադրբեջանի իրենց ցեղակիցները):
Հայկական մուֆլոնի որս է առաջարկվում նաև Իրանի տարածքում` 3 օրվա խրախճանքն այստեղ կարժենա 4900 եվրո: Ընդ որում որսասեր հասարակությանը գայթակղելու համար անգամ կենդանու բնութագիրն է տրվում` 55.1 – 65 սմ:
Ռուսական մեկ այլ կայք էլ հայտնաբերեցինք, որի գործունեությունը, սակայն ուղղորդվում է հենց Հայաստանում: Ճիշտ է, «Այբեքս» կոչվող ակումբի Հայաստանում անցկացվելիք որսի մասին հայտարարության մեջ գրված չէ գինը, թեև ուղևորություն-որսորդությունը տևում է 6 օր:
Փոխարենը տեղեկանում ենք, որ որսորդներին Երևանի օդանավակայանում կդիմավորեն- կճանապարհեն, կտրամադրեն անհրաժեշտ տրանսպորտը, որսի թույլտվություն, անգամ սպանված կենդանու նախնական մշակման ծառայություն, երեգանգամյա սնունդ և այլն …
Մի խոսքով` ամբողջական փաթեթ` անօրինական որսի համար:
/Շարունակելի/
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա