Թուրքիայի նախագահին «Facebook»-ում վիրավորելու համար Ալի Ջեմալը բանտարկվել է
Թուրքիայի քաղաքացիներից մեկը դատապարտվել է 15 ամսվա բանտարկության: Ըստ թուրքական «Յենիշափաք» (Yenisafak) օրաթերթի` նման դատավճիռ կայացվել է այն բանից հետո, երբ քաղաքացի Ալի Ջեմալ Աղըրմանը «Facebook» սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հասցեին վիրավորական գրառում է կատարել:
Ամբաստանյալն իր պաշտպանական ճառում ասել է, որ տեղյակ չի եղել, որ օրենսդրորեն սահմանված նման պատիժ կա և դատարանից պահանջել է արդարացնել իրեն:
Նշվում է, որ մեկ տարի առաջ նույն Աղըրմանը դատարանի առաջ էր կանգնել սոցցանցերում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ տեղադրելու համար:
Նշենք, որ Թուրքիայի ևս մեկ քաղաքացի` 17-ամյա Բ. Կ.-ն, նույն արարքի համար դատապարտվել էր 11 ամիս 20 օրվա բանտարկության: Հինգ ամիս ընթացող դատավարության արդյունքում դատարանը որոշում էր կայացրել քաղաքացի Բ. Կ.-ին ազատազրկել 1 տարի 9 ամիս ժամկետով, բայց հետո հաշվի առնելով նրա տարիքը ու դատական գործընթացում դրսևորած պատշաճ պահվածքը, պատժաչափը կրճատել էր: Մեղադրյալի փաստաբանը, սակայն, լրագրողներին ասել է, որ պատրաստվում է վերաքննիչ դատարանում բողոքարկել դատարանի կայացրած այդ վճիռը: