Յուրա Մովսիսյան. «Հայ երկրպագուները կիրք ու ագրեսիա կհաղորդեն մեր խաղին»
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել է ակումբի և անձամբ իր առջև դրված խնդիրների մասին:
- Յուրա, ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ սպասո՞ւմ էիք, որ 9-րդ տուրից հետո կգլխավորեք լավագույն ռմբարկուների ցուցակը:
- Սպասում էի, որ ընթացիկ մրցաշրջանը պետք է ավելի լավ դասավորվի ինձ համար, քան նախորդը: Արդեն հարմարվել էի թիմին, իսկ թիմակիցներիս հետ ավելի լավ էինք իրար հասկանում: Նրանք էլ, իրենց հերթին, ավելի լավ են զգում իմ ուժեղ կողմերը: Շատ հաճելի է, որ իմ գոլերով ես օգնում եմ թիմին հաղթել:
- Քանի՞ գոլ եք մտադիր գրանցել առաջնության արդյունքներով:
- Ես երբեք իմ առջև հստակ առաջադրանք չեմ դնում, թե քանի գոլ պետք է խփեմ: Որքան կարողանամ, այնքան էլ կխփեմ: Ամենակարևորը թիմի հետաքրքրություններն ու հաջողություններն են:
- Ո՞ւմ եք համարում ձեր հիմնական մրցակիցը Ռուսաստանի լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարում:
- Ռուսաստանի առաջնությունում հարձակվողների խաղամակարդակը բավական բարձր է, այդ պատճառով մի քանի անուններ կարող եմ թվել: Կառանձնացնեմ Ալեքսանդր Կերժակովին, Սամուել Էտո,Օ-ին և Էմանուել Էմենիկեին:
- Ի՞նչ խնդիրներ են դրված «Կրասնոդարի» առջև այս մրցաշրջանում:
- Մենք ցանկանում ենք լավ խաղ ցուցադրել և նախորդ տարվա համեմատ ավելի լավ արդյունքներ գրանցել: «Կրասնոդարը» տարեցտարի պետք է զարգանա ու առաջընթաց ապրի:
- ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո Սլավոլյուբ Մուսլինը հայտարարեց, որ «Կրասնոդարը» պայքարելու է գոյատևման համար, համամի՞տ եք:
- Կարծում եմ` այդ խոսքերը պարզապես էմոցիաների պոռթկում են եղել: Մարզիչը բավական ծանր է տանում մեր յուրաքանչյուր անհաջողությունը: Նա բարկացած էր մեր ցուցադրած վատ խաղից: Չեմ կարծում, որ պայքարելու ենք Ռուսաստանի ֆուտբոլի էլիտայում մնալու համար: «Կրասնոդարը» լավ մշակված խաղ ունի, ղեկավարությունը նույնպես բոլոր պայմանները ստեղծում է` արդյունքների բարելավման համար, այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ պետք է որ նորմալ լինի:
- Ձեր նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բազմաթիվ եվրոպական և ռուսական ակումբներ: Ի՞նչ եք մտածում այդ մասին:
- Անկեղծ ասած` դեռ ոչինչ չեմ որոշել ապագայիս վերաբերյալ: Գործող պայմանագիր ունեմ «Կրասնոդարի» հետ: Շատ եմ հարգում ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկուն և մեր երկրպագուներին, այդ պատճառով էլ մնում եմ «Կրասնոդարում» ու մտադիր եմ հետագայում էլ օգտակար լինել թիմին:
- Ի՞նչ կասես թիմի նորեկներ Կոնտեի և Վանդերսոնի մասին:
- Նրանք շատ լավ տպավորություն են թողնում: Այդ ֆուտբոլիստներն իսկապես տաղանդավոր են և պետք է ուժեղացնեն թիմի խաղը: Ոմանք համարում են, որ Ռուսաստանի առաջնության մակարդակն այնքան էլ բարձր չէ, բայց ես դեմ եմ այդ կարծիքին: Ընդհակառակը, Ռուսաստանում շատ դժվար է խաղալ, քանի որ առաջնության մակարդակը բարձր է, այդ պատճառով մեր նորեկներին ժամանակ է հարկավոր` հարմարվելու համար, հատկապես որ նրանք դեռ չեն տիրապետում ռուսերենին:
- Երբ նոր էիք եկել Ռուսաստան, Դուք էլ լեզվի հետ կապված խնդիրներ ունեիք: Այժմ ինչպե՞ս են ռուսերենի հետ կապված գործերը:
- Այո, իսկապես, սկզբում շատ բարդ էր ռուսերենից գլուխ հանելը, բայց հիմա ոչ մի խնդիր չունեմ:
- Ի՞նչ կարծիքի եք «Զենիթի» և Դենիսովի կոնֆլիկտի մասին:
- Կատարվածին գնահատական տալն իմ գործը չէ: Դա ակումբի և ֆուտբոլիստի անձնական գործն է, նրանք էլ պետք է այդ հարցին լուծում տան:
- Ո՞ր ակումբում եք երազում երբևէ հանդես գալ:
- Ես եվրոպական 2 սիրելի ակումբ ունեմ` «Արսենալ» և «Ռեալ», սակայն հիմա շատ բարդ է տվյալ ակումբներում հանդես գալու հույս ունենալը:
- Հայաստանի հավաքականի բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանի կարիերան ավարտելու որոշումն անակնկա՞լ էր Ձեր համար:
- Ես հույս ունեի, որ Սարգիսը կխաղա նվազագույնը մինչև աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Այդուհանդերձ, եթե նա նման որոշում է կայացրել, մենք պետք է հարգենք այն: Իմ կողմից ցանկանում են նրան շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է հանուն հայկական ֆուտբոլի: Մաղթում եմ նրան առողջություն և հաջողություններ անձնական կյանքում:
- Հոկտեմբերի 12-ին դուք հանդիպելու եք Իտալիայի ուժեղ հավաքականի հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խաղից:
- Մենք, իհարկե, հարգում ենք Իտալիայի ընտրանուն և հրաշալի գիտակցում ենք մեր մրցակցի ուժը: Սակայն Հայաստանի հավաքականը ոչ ոքից չի վախենում և պետք է խաղա միայն հաղթանակի համար: Հատկապես որ սեփական հարկի տակ ենք հանդես գալու, և մեր երկրպագուներով լի տրիբունաները կիրք ու ագրեսիա կհաղորդեն խաղին: