Բակո Սահակյանը կառավարությունից պահանջել է 9-11% տարեկան տնտեսական աճ առաջիկա 5 տարվա համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝ Արցախի նախագահը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նրան հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները և գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:
Միաժամանակ, Նախագահը նշել է, որ կան նաև չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ: Ըստ երկրի ղեկավարի՝ նոր կառավարությունը պետք է օբյեկտիվորեն գնահատելով ձեռքբերումները, կատարի համապատասխան հետևություններ և ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել մեր հասարակության առջև ծառացած խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:
Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում, որոնք առաջիկա տարիներին կհանդիսանան մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը:
Ըստ աղբյուրի, տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում Նախագահը մեծ տեղ է հատկացրել գիտության և կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կդառնան մեր սեփական կադրային բանկի հիմքը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներին: Նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, որոնք նոր որակ կհաղորդեն մեր հանրապետության համար այս կարևոր բնագավառներին:
Նախագահ Սահակյանը մեր բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար:
Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ: Նախագահը իր՝ որպես մարդու, և որպես պետության ղեկավարի համար անընդունելի ու անթույլատրելի է համարել այլ մոտեցում՝ ընդգծելով, որ պետության առջև ծառացած խնդիրները բարդ են, բայց և միանգամայն լուծելի: