«Էպոսի օր»` Իրինդ գյուղում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում կկազմակերպվի «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված 2-րդ փառատոնը` «Էպոսի օր» խորագրով միջոցառումների եզրափակիչ տոնակատարությունը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
Ազգային էպիկական ժառանգության պահպանության ու հանրահռչակման նվիրված ծրագիրը մեկնարկել է այս տարվա ապրիլից, որի շրջանակներում իրականացվել են նախատեսված մի շարք միջոցառումներ: Մասնավորապես` ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է «Էպոսն ու ես» անվանակարգով շարադրության օլիմպիադա (երկու փուլով), «Ձենով Օհան» անվանակարգով ասմունքի մրցույթ, էպոսյան թեմաներով դասախոսություններ, սեմինարներ, գրադարանային ցուցադրություններ, մարզի ինքնագործ ազգագրական երգի-պարի համույթների, թատերական խմբերի փոխայցեր, հյուրախաղեր, էպոսի առանձին դրվագների բեմադրություններ, գեղարվեստի դպրոցների կողմից ստեղծվել են էպոսյան թեմաներով կերպարվեստի և քանդակագործության գործեր, կազմակերպվել ցուցահանդեսներ, պատանի շախմատիստների անհատական մրցույթ (երկու փուլով)` «Քուռկիկ Ջալալի» անվանակարգով, մարզական ավանդական խաղեր (բազկամարտ, ծանրության բարձրացում, կոխ, ձիախաղեր և այլն): Հրատարակվել և հանրակրթական դպրոցներին ու գրադարաններին է բաժանվել «Սասնա ծռեր-Պատառիկներ» գիրքը, էպոսյան հերոսների պատկերներով տետրեր, հուշաթերթեր:
Եզրափակիչ տոնակատարության ժամանակ բոլոր անվանակարգերի մրցույթներում հաղթող ճանաչված անձանց կհանձնվեն սահմանված մրցանակներն ու պատվոգրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան