«Ադրբեջանին հաջողվում է իր «խավիարային» դիվանագիտությամբ ու նավթադոլարներով մթնոլորտ փոխել»
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել են ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, և Հայաստանի խորհրդարանը ևս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է իրականացվող համատեղ աշխատանքներին:
«Եվ Արևելյան գործընկերության և Նոր հարևանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրոինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ռեադմիսիայի և մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,- ասել հանձնաժողովի նախագահը:
Կողմերն անդրադարձել են նաև Եվրոմիության և նրա համապատասխան կառույցների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործնական ծրագրերի իրականացման խնդրին ` մասնավորապես հաշվի առնելով նրանց կրթական, սոցիալական, մշակութային և այլ պահանջմունքները:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է Հայաստանի խորհրդարանի ներգրավումը «CIB» ծրագրին, որը լրացուցիչ օժանդակություն կլինի Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Արտակ Զաքարյանը նշել է, որ Եվրոմիությունն իր հայտարարություններով ավելի հասցեական պետք է դարձնի իր վերաբերմունքը հակամարտող կողմերի` տվյալ դեպքում Ադրբեջանի նկատմամբ: Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատվեն ավելի իրական և ոչ թե հավասարակշռող հայտարարություններով: Ըստ հանձնաժողովի նախագահի` յուրաքանչյուր հավասարակշռող հայտարարություն Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից և շարունակել իր ապակառուցողական ու տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողությունները:
Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ շատ դեպքերում եվրոպական կողմի կիրառած երկակի ստանդարտներն են եղել պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունն այսօր արհամարհի եվրոպական արժեքները: Որպես օրինակ` Նաիրա Զոհրաբյանը նշել է Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստը Բաքվում, որտեղ ի պատասխան Ադրբեջանի նախագահի ֆաշիստական ելույթի` եվրոպական բաղադրիչը, ըստ էության, լուրջ հակադարձում չարեց Ալիևի ելույթին:
Նա ցավով նշել է, որ վերջին շրջանում ինքը` որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, նկատում է, որ եվրոպական կառույցները հենց իրենք են հետ նահանջում իրենց իսկ դավանած արժեքներից, և Ադրբեջանին հաջողվում է իր «խավիարային» դիվանագիտությամբ ու նավթադոլարներով եվրոպական հեղինակավոր կառույցներում մթնոլորտ փոխել:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Շտեֆան Ֆյուլեն կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանը շատ ակտիվ է բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նրա խոսքերով` Հայաստանը առաջանցիկ տեմպերով մասնակցում է եվրոպական ինտեգրման գործընթացին և բարեփոխումներն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ: ԵՄ հանձնակատարը Ասոցիացման համաձայնագրի բանակցային գործընթացը գնահատել է բավականին խոստումնալից: Նրա կարծիքով` Արևելյան գործընկերության և Նոր հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի վարած բարեփոխումային քաղաքականությունը բավականին հաջողված է և պարբերաբար արժանանում է Եվրոմիության կառույցների գնահատանքին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են