Շտեֆան Ֆյուլե. «Ափսոսում եմ, որ ոմանց կողմից խաղաղության գործընթացին վնաս է պատճառվել և Սաֆարովի հանցանքը փառաբանվել է»
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սաֆարովի արտահանձնումը և նրան հերոսի կոչում շնորհելը չի հակասում եվրոպական արժեքներին:
«Շատ դժվար պահ է Հայաստանի համար: Ափսոսում եմ, որ ոմանց կողմից խաղաղության գործընթացին վնաս է պատճառվել`Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով և նրա կողմից հանցանքը փառաբանելով»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն՝ հավելելով, որ իրենց համար կարևորագույն խնդիրը արժեքների վրա հիմնված գործընկերությունն է:
Շ.Ֆյուլեն կոչ արեց զսպվածություն դրսևորել և բառերի, և գործողությունների մեջ` նշելով, որ խաղաղության գործընթացն այս կերպ չպետք է ընդհատվի և շեշտեց, որ պետք է շարունակել աշխատել հանուն խաղաղության: «Հայաստանի կողմից իր վիթխարի ներուժի իրացումը կախված է կայունության և կանխատեսելիության զգացողությունից, որին կարելի է հասնել միայն հակամարտության վտանգը վերացնելու միջոցով»,- ընդգծեց Շ.Ֆյուլեն:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը ևս քննարկել են Ադրբեջանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցը: Մասնավորապես, վարչապետը նշել է, որ եվրոպական հանրության գնահատականներն այդ հարցում պետք է լինեն հստակ: Կառավարության ղեկավարը Շտեֆան Ֆյուլեի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, սպառազինության ուղղությամբ մեծածավալ միջոցների հատկացմանը, այդպիսով շարունակելով նախապատրաստվել պատերազմի:
Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ ԵՄ-ն պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի ուժի կիրառում, հակառակ պարագայում՝ այդ սկզբունքը խախտողի նկատմամբ կկիրառի միջազգային պատժամիջոցներ: