«ԱրմենՏել» ընկերությունը 3 անգամ նվազեցնում է VPN ծառայության սակագները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է VPN ծառայության (Virtual Private Network –վիրտուալ մասնավոր ցանց) սակագների նշանակալից նվազեցման մասին: 1Մբ/վ թողունակությամբ վիրտուալ ցանցից օգտվելու սակագնային փաթեթի ամսական վճարը նախկին 44000 դրամի փոխարեն այժմ 15000 դրամ է:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, 20Մբ/վ-ից ավել թողունակություն ունեցող մասնավոր ցանցում յուրաքանչյուր մեկ մեգաբիթի արժեքը կազմում է 10000 դրամ նախկին 24450 դրամի փոխարեն: Սակագնային փաթեթի արժեքը կախված չէ միացման տեխնոլոգիաներից և նույն է ինչպես Ethernet, DSL այնպես էլ օպտիկամանրաթելային մալուխի միացման պարագայում:
«Ողջ Հայաստանի տարածքում տվյալների փոխանցման ժամանակակից սեփական ենթակառուցվածքի առկայությունը հնարավորություն է ընձեռում մեզ մեր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել այնպիսի ծառայություն, որի միջոցով հնարավոր է ստեղծել մեկ միասնական կորպորատիվ ցանց տարբեր տարածքներում գտնվող գրասենյակների համար: Նվազեցնելով VPN ծառայության սակագները` Հայաստանի միասնական օպերատորն իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն փոխանցվող տեղեկատվության բարձր արագության և գաղտնիության ապահովում, այլն նաև հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ կազմակերպել բիզնես գործընթացները», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
VPN (Virtual Private Network –վիրտուալ մասնավոր ցանց) են անվանում այն տեխնոլոգիան, որը հնարավորություն է ընձեռում ապահովել մեկ կամ մի քանի կետի ցանցային միացումներ` օգտագործելով օպերատորի ենթակառուցվածքը և ինտենետ ցանցը: Ծառայությունը թույլ է տալիս մեկ ցանցում համախմբել միմյանցից հեռու գտնվող սերվերային հարթակները, համակարգիչները, նոութբուքերը, սմարթֆոները և այլ ցանցային սարքեր: