Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զինվորին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սեպտեմբերի 25-ին` ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը /ծնվ. 1993թ., 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ/:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով /սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: