Վարդանիկի որդին գնացել է «արջ բռնելու», իսկ ոստիկանները նրան են փնտրում
Հոկտեմբերի 7-ին Գյումրի քաղաքի տոնն է և այդ առիթով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր այցելել է Հայաստանի Ազգային ժողով ու անձամբ հրավիրատոմս տվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Համենայնդեպս այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ինքը` Վարդան Ղուկասյանը կամ նույն ինքը` Վարդանիկը:
«Երկիր Մեդիա»-ի լրագրողը հետաքրքրվել է, թե Գյումրի քաղաքի օրվա առիթով դուք եք հանդիպում ԱԺ նախագահի հետ, որ ի՞նչ: «Բա ոնց, քննարկում ենք, հրավիրատոմս ենք տալիս, որ գան մարդիկ գան, մասնակցեն»,-պատասխանել է նախկին քաղաքապետը:
Լրագրողները նկատել են, որ ինքն այլևս քաղաքապետ չէ, իսկ Վարդան Ղուկասյանն էլ նրանց ուղղել է. «Ես մինչև նոյեմբերի 12-ը քաղաքապետ եմ»:
Ինչպիսի՞ն է լինելու Ղուկասյանի քաղաքական ապագան, կպաշտոնավարի հետագայում ևս հարցին, Ղուկասյանը պատասխանել է, որ ինքն այլևս չի ցանկանում աշխատել պետական կառույցներում: «Մի քիչ պետք է հանգստանալ», -ասել է Ղուկասյանը` նշելով, որ ինքը 12 տարի բիզնեսով է զբաղվել ունեցել և ունի ֆերմաներ: Հիշել է, որ առաջին «Սպարտակ» կոոպերատիվն ինքն է ստեղծել:
«Պարոն Ղուկասյան, ասացիք Սպարտակ հիշեցի, որտեղ է Սպարտակ Ղուկասյանը», -հետաքրքրվել է «Երկիր Մեդիա»-ի լրագրողը:
«Սպարտակ Ղուկասյանը կգա, ըստ այդմ, ինչ-որ պետք է, կառաջնորդվի», ի պատասխան ասել է Վարդան Ղուկասյանը:
Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի որդին է, Գյումրիում տեղի ունեցած խուլիգանությունից հետո փախել է քաղաքից և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Լրագրողները հետաքրքրվել են` որտեղի՞ց կգա Սպարտակ Ղուկասյանը, ինչին ի պատասխան, Վարդանիկն ասել է, որ ինքը չգիտի որտեղից կգա, բայց վստահեցրել է, որ հաստատ կգա: Համառ լրագրողները շարունակել են հետաքրքրվել, թե որտեղ է այժմ Սպարտակ Ղուկասյանը, և Վարդանիկը բավականին լուրջ դեմքով պատասխանել է. «Արջ բռնելու»:
Նախորդող լուրը` Կարեն Բաբակեխյա՞նն է հովանավորել Սպարտակ Ղուկասյանի փախուստը. Պատասխանում է Շիրակի մարզի ոստիկանապետը