Հետազոտություն. Հայ դեռահասները սիրում են դպրոցը, բայց կռվարար են
Հայ դեռահասները շատ են սիրում դպրոցը. 11 տարեկանների մեջ աղջիկների 81 տոկոսը, տղաների 68 տոկոսը, 13 և 15 տարեկանների մեջ` աղջիկների 65 տոկոսը, տղաների 50 տոկոսը սիրում են դպրոցը: Այս ցուցանիշով, այլ եվրոպական երկների համեմատությամբ, Հայաստանը գտնվում է առաջին տեղում: Այս ցուցանիշներն այսօր ներկայացվեց «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ:
Նշենք, որ հետազոտությունն անցկացրել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Էյչ Էս Սթար ծրագրի աջակցությամբ:
«Դպրոցական շրջանը և դեռահասությունը (10-19 տարեկան) հասունացման, մեծ զարգացումների և փորձարկումների ժամանակաշրջանն է: Ներկայումս աշխարհում դեսահասների շրջանում նկատվում են ֆիզիկական և հոգեկան առողջության շեղումներ, որոնք շատ դեպքերում պայմանավորված են անառողջ սննդային սովորույթներով, ցածր ֆիզիկական ակտիվությամբ, վաղ սեռական կյանքում: Դեռահասների առողջության և վարքագծի շեղումները պահանջում են վաղ հայտնաբերում և միջամտություն»,- հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ լրագրողներին ասաց, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը:
Նշենք, որ միջազգային հետազոտությունն իրականացվում է չորս տարին մեկ անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո 44 երկրում: Աշխարհում ընդունված գնահատման եղանակներից է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտությունը, որն ուղղված է դեռահասների առողջության և առողջության վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր առողջապահական, կրթական, սոցիալական ընտանեկան և անձնային գործոնների բացահայտմանը: Հայաստանում առաջին անգամ ԴԵԱՎ պիլոտային հետազոտությունն իրականացվել է 2005-2007 թթ: Այսօր ներկայացվեց 2009-2011 թթ. արդյունքները: Հարցումն անցկացվել է 11, 13 և 15 տարեկանի շրջանում Հայաստանի բոլոր մարզերում: Հարցման մեջ ներառվել է դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողության վիճակին, բարվոքությանը և կյանքի բավարարվածությանը, սննդային սովորույթներին, ֆիզիկական ակտիվությանը, հեռուստացույց դիտելու և համակարգչից օգտվելու տևողությանը, ծնողների և ընտանիքի հետ կապվածությանը, ընկերների հետ հաղորդակցմանը, և այլ հարցերին վերաբերող ավելի քան 200 տվյալ:
Ս. Սարգսյանն ասաց, որ տվյալներում կան և դրական, և անհանգստացնող էլեմենտներ:
Ընտանիք, հարաբերություններ ծնողների հետ.
Դպրոցականների 93 տոկոսը ապրում է երկու ծնողների հետ: Մայրերի հետ երեխաներն ավելի հեշտ են կիսվում:
Առողջության և բարեկեցություն
Կյանքով բավարարված է 11 և 13 տարեկանների մոտ 95 տոկոսը, ընդ որում` տղաներն ավելի շատ, քան աղջիկները: Ցուցանիշը միջազգային կտրվածքով ամենաբարձրերից է: Աղջիկների 28 տոկոսը անբավարար է գնահատում իր առողջությունը: Դեռահասների 93 տոկոսը գոհ է իր արտաքին տեսքից և կարծում է, որ գրավիչ է:
Հոգեկան առողջություն
Միայնակության զգացումի մասին նշել է երեխաների 20 տոկոսը: Տղաների 8 տոկոսը և աղջիկների 10 տոկոսը նշել է, որ երբևէ մտածել են ինքնասպանության մասին: Այս ցուցանիշն ամենից բարձրն է 15 տարեկան աղջիկների շրջանում` 17 տոկոս:
Բերանի խոռոչի հիգիենա
Հարցվողների մոտ 56 տոկոսը մաքրում է ատամներն ամեն օրը, օրը մեկ անգամից հաճախ: Տղաների շրջանում ավելի հաճախ ատամները մաքրում են 11 տարեկանները: Այս հիգիենիկ սովորույթն ավելի տարածված է երևանաբնակ աղջիկների և տղաների շրջանում:
Սնվելակարգ
Դեռահասները դրսևորում են բավականին անառողջ սնվելակարգ, հարցվածների գրեթե կեսը չի նախաճաշում, ավելի հաճախ` աղջիկները: Շատ են օգտագործում քաղցրավենիք, քաղքր գազավորված ըմպելիքի օգտագործման ցուցանիշը շատ բարձր է: Տանը սննդի անբավարարության պատճառով քաղցած լինելու մասին նշել է երեխաների մոտ 20 տոկոսը, ընդ որում` երեխաների 4 տոկոսը պատասխանել է, որ քաղցած է քնում ամեն օր:
Ֆիզիկական ակտիվություն, նստակյաց սովորույթներ
Դեռահասներն ունեն ֆիզիկական ակտիվության էական պակաս: Շատ են դիտում հեռուստացույց, համակարգիչ օգտվողները շատ են:
Ծխելը, ալկոհոլի և թմրանյութի օգտագործումը
Տղաների շրջանում 11 տարեկանների 7 տոկոսը, 13 տարեկանների 17 տոկոսը, 15 տարեկանների 33 տոկոսը և աղջիկների շրջանում 15 տարեկանների 11 տոկոսը փորձել է ծխել: Դեռահասների կեսը սկսել է ալկոհոլ օգտագործել 13 տարեկանում կամ ավելի վաղ, նախապատվությունը տալիս են գարեջրին և գինուն: Թմրանյութ (մարիխուանա) երբևէ օգտագործելու մասին նշել է 15 տարեկան երեխաների 7 տոկոսը:
Վնասվածքներ և բռնություն
Ֆիզիկական բռնությունների ցուցանիշով Հայաստանը բոլոր 44 պետությունների մեջ ամենաբարձրն է: «Այն երեխաները, ովքեր չեն նախաճաշում, անառողջ սննադակարգ են վարում, ռիսկային վարքագիծ են դրսևորում, ավելի ագրեսիվ են ու բռնության են հակված: Իսկ մեր դեռահասներից, ըստ հետազոտության, քչերն են նախաճաշում: Միգուցե հենց այս փաստով կարող ենք բացատրել այս ցուցանիշի բարձր լինելը»,- ասաց Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասների առողջության ծրագրի համակարգող Մ. Մելքումովան:
Սեռական վարքագիծ
Հարցված 15 տարեկան տղաների 45 տոկոսը և աղջիկների 2 տոկոսը նշել է սեռական փորձի առկայության մասին: Տղաների մոտ այս ցուցանիշն եվրոպական տվյալներից բարձր է, իսկ աղջիկներինը` ավելի ցածր է:
«Մենք այժմ պետք է համապատասխան մասնագետներին ու քաղաքականություն որոշողներին տեղյակ պահենք այս միտումների մասին ու միասին նախաձեռնենք համատեղ քայլեր` ուղղված հայտնաբերված խնդիրների լուծմանը»,- ասաց Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Ս. Սարգսյանը:
Նշենք, որ Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով մեծահասակների շրջանում գրանցված վաղաժամ մահացության դեպքերի 2/3-ը կապված է դեռահասության տարիքում ձևավորված առողջական վարքագծի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են