Ինչպես են ավտոբուսի վարորդները մուննաթ գալիս ու քշում գնում հաշմանդամ տեսնելիս
Քիչ առաջ հերթական անգամ ականատեսը դարձա նրան, որ մեր երկրում հաշմանդամների իրավունքները ոտնահարվում են ոչ միայն պետական մակարդակում` ցածր հաշմանդամության թոշակ ու աշխատանքի տեղավորվելու բարդություններ ունենալու առումով, այլև հասարակության մակարդակում:
Ժամը 16-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի կանգառում տրանսպորտ սպասելիս կողքս մի տարեց մարդ նստեց` երկու ձեռնափայտով էր և ինչպես ինքը բացատրեց ` կոտրված է կոնքոսկրը, ինչը նշանակում է, որ եթե դու այդ տարիքում ես, ապա առաջվա պես քայլել դժվար էլ կարողանաս: Սպասում էր 1 համարի ավտոբուսին, որն եկավ բավականին շուտ, կիսադատարկ էր, նշված կանգառից ընդամենը երկու հոգի նստեց: Մինչև տարեց մարդը մի կերպ տեղից վեր կացավ ու փորձեց քայլ անել դեպի ավտոբուսը, այն տեղից պոկվեց, սակայն իմ ու «հարևանիս »շարժումից հասկացավ, որ էլի մարդ կա նստող, արգելակեց:
Բայց տարեց մարդու ուրախությունը կարճ տևեց. տեսնելով, որ մոտեցողը հաշմանդամ է, վարորդը ոչ միայն արագ տեղից պոկվեց, այլ մի բան էլ ձեռքը տնկեց ու մուննաթով ինչ-որ բան ասաց, ինչը դրսի աղմուկը չթողեց պարզորոշ լսել, բայց ժեստերն էլ բավական էին հասկանալու համար, որ ԵԹԵ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՍ, ԱՊԱ ԱՆՑԱՆԱԿԱԼԻ ԵՍ ՎԱՐՈՐԴԻ ՀԱՄԱՐ:
Դժվար թե կարողանամ փոխանցել նրա հիասթափությունն այս միջադեպի հետ կապված ու այն ցավը, որ գրվեց նրա դեմքին: Առավել ևս, որ ոչ միայն նստել-կանգնելն էր նրանից շատ ուժ պահանջում, այլև քայլելը` թեկուզ ձեռնափայտերի օգնությամբ:
Հարց եմ տալիս ինձ. ի՞նչ է, եթե հաշմանդամ ես, ապա տանից հեռու չպետք է գնաս, այդպե՞ս է ստացվում: Եվ կամ, եթե ոտուձեռդ տեղն է, ապա դու կարող ես անտեսել այն քաղաքացիներին, ում սպասարկելու դիմաց պետությունը քեզ վարձատրո՞ւմ է:
Միջադեպի մանրամասները անմիջապես փոխանցեցինք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու անձամբ խնդրեցինք, որ նման խտրական վերաբերմունքը պատժվի ու մյուս վարորդների համար էլ նախադեպ դառնա` քաղաքացիների տարանջատում սեռերի, կարգավիճակի չպետք է լինի, դա անընդունելի է: «Հույսով եմ անպատիժ չի մնա»,- հավելեցի, ինչին ի պատասխան Հ.Նավասարդյանն ասաց.
«Ոչ թե հույսով եղիր, այլ հենց հիմա հանձնարարականը կտամ դիսպետչերին, կլսեք»:
Այնուհետև Հ.Նավասարդյանը կապ հաստատեց դիսպետչերի հետ, փոխանցեց ավտոբուսի տվյալները ու հանձնարարեց իրեն այդպես լկտի պահած վարորդին անմիջապես գծից հանել, բոլոր նախատեսված տույժերն ու ամենակարևորը` ֆինանսական տույժի ենթարկել.
«Ֆինանսական տույժի անպայման ենթարկել, որպեսզի նա հասկանա, թե ինչ է հաշմանդամ տարեց մարդուն արհամարհել,քշել գնալ ու մի բան էլ մրթմրթալ»,- մասնավորապես հանձնարարեց նա:
Որպես թեմայի շարունակություն պարոն Նավասարդյանից հետաքրքրվեցինք նաև, թե ո՞ր փուլում է Երևան ներկրված ավտոբուսների` հաշմանդամների սայլակների համար հարմարացնելու գործընթացը: Այս իմաստով, սակայն, դեռ առաջընթաց չկա.
«Այս հարցի վերաբերյալ, ցավոք, դեռ տարաձայնություններ ունենք չինական կողմի հետ: Խնդիրը նրանում է, որ բոլոր ավտոբուսները երաշխիքային սպասարկման տակ են և չինական կողմը մեզ պատճառաբանում է, որ եթե անհրաժեշտ մեխանիզմը տեղադրվի, ապա այն կարող է բարդություններ առաջացնել»,- տեղեկացրեց տրանսպորտի վարչության պետը:
Սակայն, շարունակեց նա, մի քանի օր առաջ կայացած հանդիպմանը նա չինական կողմին ներկայացրել է, որ այդ մեխանիզմը տեղադրումից հետո որևէ կերպ չի կարող բարդություն առաջացնել, քանի որ ամենավտանգավոր` բենզոբակից ավելի բարձր է կանգնում: Այդ հանդիպումից հետո սայլը կարծես տեղից շարժվել է, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղադրել առաջիկայում մեկ ավտոբուսի վրա և փորձարկել, որից հետո էլ ևս 15-ը գնել, բայց հիմա էլ չինական կողմը պնդում է, որ եթե կառավարությունը համաձայնություն չտա, ապա դա էլ հնարավոր չի լինի անել.
«Այս խնդիրն է, որ դեռ խոչընդոտում է այդ կարևոր գործընթացը… հուսանք շուտ այդ հարցն էլ կլուծենք ու կանցնենք բուն գործընթացին»:
Ավելացնենք միայն, որ այդ մեխանիզմը հնարավոր է տեղադրել միայն վերջերս Երևան ներկրված չինական ավտոբուսների վրա, իսկ մյուսները համապատասխանեցրած չեն հաշմանդամների սայլակների համար` սրահը փոքր է (խոսքը դեղին ավտոբուսների մասին է):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները