Փուչիկների գործով դատն այսօր էլ հետաձգվեց
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին փուչիկների պայթյունի գործով դատաքննությունն այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց: Մեղադրյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, որը վերջերս էր ներգրավվել գործին, դատարանին միջնորդեց իրեն տրամադրել տասը աշխատանքային օր ժամանակ յոթ հատորանոց գործին ծանոթանալու համար: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը սակայն, առարկեց և ասաց, որ դրա համար բավական է չորս աշխատանքային օրը: Դատավորը չընդունեց դատախազի առարկությունը, և նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը:
Այսօր դատական նիստին շուրջ 200 տուժողից ներկա էին 30-ը, որոնց դատավորի օգնականը մեկ առ մեկ ներկա-բացակա էր անում: Տուժողների մեծ մասը երիտասարդներ են, հիմնականում` աղջիկներ, որոնցից ոմանց ձեռքերը ձեռնոցներով են այրվածնքերից ստացած սպիները թաքցնելու համար:
Դատական նախորդ նիստում մեղադրյալ Սերոբ Բոզոյանը` տխուր աչքերով ու խղճահարություն առաջացնող դեմքով, մմտադրություն էր հայտնել, որ դատական նիստն ընթանա արագացված ընթացակարգով: Արագացված ընթացակարգով դատական նիտն անցկացնելու համար դիմում էին գրել տուժողներից վեցը:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: