Գ.Սահակյան. Այն մարդիկ, որ հասարակության մեջ հայտնի են ու դերակատարում ունեն ավելի խիստ պատիժ պետք է կրեն
«Մարդուն պետք է հնարավորություն տալ իր անմեղությունն ապացուցելու. մենք կողմնակից ենք ու հակված ենք, որ ի վերջո Վարդան Օսկանյանը, ով պնդում է իր անմեղությունը, կկարողանա ապացուցել դա»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ` ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Մեր այն հարցադրմանն ի պատասխան, թե Վ.Օսկանյանը միջնորդությունը որակում է, նախ, իր դեմ իրականացվող քաղաքական պատվեր, իսկ բացի այդ էլ իրեն լռեցնելու փորձ, Գ.Սահակյանն ասաց, որ այդ երևույթը մոդայիկ է դարձել.
«Մարդիկ մտածում են, որ քաղաքականությամբ զբաղվելը աստվածային զորություն է և ամեն ինչից դա իրենց փրկում է: Նախկինում էլ նման միջոցառումներ ձեռնարկվել են, բայց չի որակվել որպես քաղաքական պատվեր»,- նշեց նա:
Ավելացրեց` քաղաքական դաշտից դուրս գործունեությամբ զբաղվող անհատը պարտավոր է պատասխան տալ ինչպես սովորական քաղաքացին: Իսկ այն մարդիկ, որ հասարակության մեջ հայտնի են ու դերակատարում ունեն` նրանք ավելի խիստ պատիժ պետք է կրեն:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը, ապա Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ կհայտարարի այդ մասին միջնորդագրին ծանոթանալուց, ինչպես նաև ԱԺ-ում քննարկելուց հետո:
Հիշեցնենք, նորանկախ Հայաստանի պատմության մեջ անձեռնմխելիությունից զրկվել են բազմաթիվ պատգամավորներ` Վանո Սիրադեղյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և այլոք:
Նախորդիվ` Օսկանյան. Գլխավոր դատախազի միջնորդագիրը քաղաքական պատվեր է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում