ԵԱՀԿ համանախագահները մտահոգ են ԼՂ բանակցություններում շոշափելի առաջընթացի բացակայությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից, հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմաև Մամեդյարովին: Նախարարների հետ առանձին հանդիպումներում համանախագահները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և կոչ արել կողմերին վերադառնալ ԼՂ բանակցությունների բուն թեմային: Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին ամիսներին բանակցություններում շոշափելի առաջընթացի բացակայության առնչությամբ»,-ասված է հայտարարությունում:
Նշվում է, թե նախարարները վերահաստատել իրենց հավատարմությունը խնդրի խաղաղ լուծման հարցում և պատրաստակամություն հայտնել շարունակելու բանակցությունները:
Նշենք, որ Նալբանդյանը համանախագահների հետ հանդիպում է ունեցել սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում: Հանդիպման օրակարգում եղել է Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը և ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:
ԱԳՆ մամուլի և տեղկատվության վարչության փոխանցմամբ, համանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ: