ԱԺ 131 պատգամավորներին երկուշաբթի ԲՀԿ-ն կներկայացնի իրականությունը
Երկուշաբթի առավոտյան, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանից առաջ 131 պատգամավորներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կներկայացնի առաջադրված մեղադրանքի վերաբերյալ գրավոր փաստարկներ, փաստեր, մանրամասն մեկնաբանություն: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ներկայացնելու ենք իրականությունը», -փոխանցեց Ուրիխանյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քաղխորհրդի նիստը հրավիրվել էր Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` ԱԺ-ին ներկայացրած ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությունը քննարկելու նպատակով:
«Մեր համոզմամբ` ներկայացված փաստարկները բացարձակապես անհիմն են, իսկ թե ինչ է ձեռնարկելու մեր կուսակցությունը և մեր խմբակցությունը, դրա մասին կտեղեկանաք երկուշաբթի օրը այն բանից հետո, երբ ԱԺ-ում կներկայացվի միջոնրդությունը` բովանդակությամբ և հիմնավորումներով»,- հավելել Տիգրան Ուրիխանյանը:
Ինչ վերաբերվում է կատարվածի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը Օսկանյանի հետ կապված խնդրին, ԲՀԿ մամլո խոսնակն ասաց, որ այդ կապակցությամբ «քաղաքական որակումներ և գործողություններ կարվեն միջնորդության ընթերցումից հետո»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր`«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Panorama.am-ին ասել էր, որ խափանման միջոցի վերաբերյալ հարց չի բարձրացվել, խոսքը վերաբերում է գործում Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ԲՀԿ նիստն ավարտվեց. Օսկանյանն ու մյուս ԲՀԿ-ականները կարտահայտվեն երկուշաբթի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները