Լ.Սարգսյան. Օսկանյանը թերևս ամենավերջինն է այն շարքում, ով պետք է օրենքով պատասխան տա նման արարքների համար
«Ակնհայտ է, որ նախընտրական շրջան է և Սերժ Սարգսյանը փորձում է լիկվիդացնել բոլոր հավանական թեկնածուներին` Լևոն Տեր-Պետրոսյանին հակաքարոզչությամբ, Վարդան Օսկանյանին նման պատժամիջոցների կիրառմամբ և այլն: Եթե լինի երրորդ անվերահսկելին` նրան նույնպես ինչ-որ ձևով կփորձեն պատժել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրին:
Նրա խոսքով, սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեաօլիգարխիկ համակարգը վերահսկում է ամենը երկրում, այդ թվում և քաղաքական դաշտը: Եվ համաձայնեց Վ.Օսկանյանի որակմանը, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր և իրեն լռեցնելու փորձ. «Միանշանակ դա այդպես է, որովհետև թեև ես գործի էությանը լավ ծանոթ չեմ, բայց նմանատիպ հազարավոր գործեր կարելի է գտնել ողջ Հայաստանում. սա քաղաքական պատվեր է»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես ինքը կքվեարկի միջնորդագրի ԱԺ նիստում ներկայացնելուց հետո, Լ.Սարգսյանն ասաց, որ անկասկած ինքը դեմ է քվեարկելու. «Մենք ունենք նման փաստ, թե մեր ընկերների նկատմամբ ինչպես քվեարկություն իրականացվեց: Ընդ որում այն պատգամավորների, ում հետ տարիներով աշխատել էին: Բայց անհիմն մեղադրանքներով մեր ընկերներին ձերբակալելու հավանությունը տրվեց հենց ԱԺ-ում, ինչը ցավալի փաստ է»,- նշեց նա ու ավելացրեց, որ վստահաբար կարելի է ասել, որ ՀԱԿ-ից որևիցէ մեկը ընդունակ չէ նման արարք դրսևորելու գործընկերոջ նկատմամբ:
«Եթե մենք իմանայինք, որ նման մեթոդներով իշխանությունները պայքարում են բոլոր տեսակի կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, ապա թող լիներ արդարացի վճիռ և եթե ապացուցվի, որ մարդն իրոք մեղքեր ունի, ապա թող պատասխան տա: Մենք ի վերջո ձգտում ենք օրենքի գերակայության երկրում, բայց սա այդ դեպքը չի` Օսկանյանը թերևս ամենավերջինն է այն շարքում, ով պետք է օրենքով պատասխան տա նման արարքների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան