Բաշար ալ-Ասադի հաղթանակն անխուսափելի է. Լավատեսական գնահատականներ Թեհրանից
Սիրիայի ներքաղաքական զարգացումների շուրջ խորհրդակցական հանդիպումներ ունենալու նպատակով օրերս Թեհրան էր ժամանել Սիրիայի Մեջլիսի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը սիրիացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում Սիրիայի իշխանությունների՝ զինված խմբավորումների դեմ պայքարում ձեռք բերած հաջողությանը, նշել էր որ Սիրիան արդեն հաղթահարել է ճգնաժամային փուլը:
Նկատենք, որ արդեն քսան ամիս է, ինչ Սիրիայում տիրում է ներքին անկայուն լարված իրավիճակ: Թեև Արևմուտքը հույս ուներ, որ Սիրիայի իշխանությունները Հոսնի Մոբարաքի պես շատ շուտ կհեռանան իշխանությունից, սակայն ինչպես անցած ամիսներն են վկայում Բաշար ալ-Ասադը իշխանության ղեկին է և կարելի է ասել դեռևս հաջողությամբ դիմագրավում է արտաքին ճնշումներին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում սիրիական բանակի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև կատաղի պայքար է ընթանում երկրի կարևորագույն ռազմավարական նշանակության շրջանների նկատմամբ գերիշխող դիրք գրավելու ուղղությամբ: Ըստ իրանական մամուլի՝ Սիրիայի բանակին հաջողվում է, բազմաթիվ կորուստներ պատճառելով զինված խմբավորումներին, օրըստօրե ամրապնդել Բաշար ալ-Ասադի դիրքերը:
Այդ առնչությամբ՝ Իրանի քաղաքական տարբեր շրջանակների կողմից լավատեսական գնահատականներ են հնչում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Իրանի նախկին ԱԳ նախարար, հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական՝ Ալի Աքբար Վելայաթին էլ, սեպտեմբերի 29-ին երկրի ռազմական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ վստահորեն հայտարարել է, որ Բաշար ալ-Ասադի հաղթանակն անխուսափելի է: Իրանը Սիրիայի իշխանությունների յուրաքանչյուր հաջողություն համարում է իր հաջողությունը: Այդ պատճառով է, որ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետը հայտարարում է, որ Սիրիայի պատերազմը՝ դա Իրանի պատերազմն է: Ընդհանուր առմամբ՝ Իրանը Մերձավոր Արևելքի իր դաշնակից երկրներում արձանագրած հաջողություները համարում է նաև իրենը:
Դա վերաբերում է և՛ Իրաքին և՛ Լիբանանին: (Իրաքից ամերկյան զորքերի դուրս բերումը և լիբանանա-իսրայելական 22-օրյա և 33-օրյա պատերազմներում «Հեզբոլլահ»-ի արձանագրած հաջողությունը Թեհրանն անշուշտ ընկալում է որպես իր հաղթանակ):
Ակնհայտ է, որ Իրանի իշխանությունները սիրիական ճգնաժամի սկզբնավորման իսկ օրվանից աջակցել են Բաշար ալ-Ասադի իշխանությանը: Սակայն հարկ է նշել, որ բացի Ասադին ուղղակիորեն աջակցություն հայտնելուց, պաշտոնական Թեհրանը սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու վերաբերյալ թե՛ իր ներկայացրած առաջարկության փաթեթում, թե՛ Իրան-Թուրքիա-Եգիպտոս եռակողմ ձևաչափով Կահիրեում տեղի ունեցած խորհրդակցական հանդիպմանը և թե՛ Սիրիայի իշխանությունների հետ հանդիպումներում բավականին նրբանկատորեն շեշտել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի հակամարտող կողմերի բանակցությունների միջոցով: Նույնիսկ իրանական մամուլում վերջերս տեղեկատվություն հրապարակվեց, որ Իրանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի ընդդիմադիր կրոնական այլ համայնքների ներկայացուցիչների հետ:
Ինչևէ, կարծես թե այն ուժերը, որոնք նախկինում պնդում էին, որ սիրիական ճգնաժամը կարող է հանգուցալուծվել միայն Բաշար ալ-Ասադի հեռացման պարագայում, ներկայում կիսում են Իրանի այն դիրքորոշումը, թե անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն ձևավորելու գործում:
Հավանաբար Սիրիայի հարցում Իրանի լավատեսական տրամադրվածությունը կապված է նաև այդ հարցում Ռուսաստանի և Չինաստանի որդեգրած դիրքորոշման, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հակասական մոտեցումների հետ: Հաշվի առնելով Սիրիայի հարցում Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը և ռուս-սիրիական ռազմական համագործակցության մասին պայմանագրի փաստը, Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումն ամենայն հավանականությամբ վնաս կհասցնի նաև Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին:
Ավելին, արդեն իսկ ակնհայտ է, որ Միջերկրական ծովում ռուսական և ամերիկյան ռազմանավերի առկայությունը, ինչպես նաև օրերս Իրանի ԶՈւ կողմից 2000կմ հեռահարությամբ հրթիռային համակարգի ցուցադրումը խոսում է նոր «սառը պատերազմի» մասին, որ կենտրոնը Մերձավոր Արևելքն է: