Հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության այցը` Հայաստան և Արցախ
Սեպտեմբերի 23-28-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով իրականացվել է հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության խմբի ճանաչողական այց Հայաստան և Արցախ:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, այցի ընթացքում լրագրողական խումբը հնարավորություն է ստացել համակողմանիորեն ծանոթանալ հայկական ազգային պատմամշակութային և հոգևոր ժառանգությանը, բնաշխարհին, խոհանոցին և ազգային ավանդույթներին: Կատարված տեսանկարահանումների հիման վրա Հայաստանի և Արցախի վերաբերյալ կպատրաստվի ֆիլմ, որը բազմակի անգամ կցուցադրվի «Channel 3 Travels» (3 op Reis) հեռուստահաղորդաշարով:
«Channel 3 Travels»-ը Նիդեռլանդների Թագավորությունում հանդիսանում է ամենահեղինակավոր հեռուստալիքներից մեկը, որի լսարանը ներառում է շաբաթական շուրջ 900 հազար դիտումներ: Այս տեսանկյունից, մեծապես կարևորվում է Հայաստանի համար ներգնա զբոսաշրջության թիրախային այս շուկայում Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացումը և խթանումը:
Լրագրողական-ճանաչողական նմանօրինակ այցերը նպաստում են ՀՀ և ԼՂՀ գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային իմիջի ձևավորմանը և միջազգային զբոսաշրջային շուկաներում նպաստավոր նոր հարթակներ ստեղծում զբոսաշրջային արդյունքների իրացման համար: