Քաղաքաշինության նախարարը «դեղին քարտ» է ստացել Արթուր Բաղդասարյանից
ՀՀ կառավարական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, բոլորովին վերջերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից «դեղին քարտ» է ստացել ՕԵԿ-ական կադրերին «քաղցր» աչքով չնայելու կապակցությամբ: Այս մասին գրել է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«Ըստ նույն լուրերի, ՕԵԿ նախագահը Թադևոսյանին «գլխի է գցել», որ առաջիկայում պարոն նախարարը փորձի հնարավորինս առաջ տանել կուսակցական կադրերին, որոնք քաղաքաշինության ոլորտում Թադևոսյանի համար կարող են «աջ ձեռք» դառնալ: Ի դեպ, Բաղղասարյանր այդ զրույցի ընթացքում Թադևոսյանին մոտավորապես հասկացրել է, թե ՕԵԿ-ում իր ամենավստահելի մարդկանցից ում վրա կարող է Թադևոսյանի ընտրությունը կանգ առնել` ասելով, որ ինչքան շատ ոլորտը իմացող մարդիկ լինեն նախարարի շրջապատում, հետագայում շատ ավելի հեշտ կլինի խուսափել «ատկատներից» ու նմանատիպ այլ գլխացավանքներից:
Ի դեպ, նույն լուրերի կոնտեքստում ասում են, որ Բաղղասարյանր կադրային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ իր ասելիքն ավարտելուց հետո Թադևոսյանին ասել է, որ որպես բիզնեսի մարդ ՕԵԿ-ի համեստ ապրող «տղերքին» էլ կարող է մի քիչ տեղ տալ ու «պադերշկեք» անել` հաշվի առնելով, որ նախարար Թադևոսյանը ՀՀ թաքնված մեծահարուստներից մեկն է: Հիշեցնենք, որ քաղաքաշինության նախարարը ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, և այդ ապրանքատեսակի Հայաստան 3 ներկրողներից մեկն է ու առաջատարը»,-գրել է թերթը: