Հայաստանի երեխաների 40 տոկոսն է ապրում աղքատության մեջ
Հայաստանի երեխաների 40 տոկոսն է ապրում աղքատության մեջ: Այս մասին այսօր հայտնեց «Երեխաների պաշտպանության ցանց»-ի նախագահ Միրա Անտոնյանը` ներկայացնելով «Երեխաների պաշտպանության ցանց»-ի գործունեության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը, որոնց նպատակն է բարեփոխումներ իրականացնել երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում:
Նա նշեց, որ ցանցում ընդգրկված են երեխաների պաշտպանության ոլորտում հարուստ փորձ ունեցող մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ:
«Մեր նպատակն է օգնել դժվար վիճակում հայտնված երեխաներին: Պետք է նաև սատարել ընտանիքներին, անել ամեն բան, որ երեխան մեծանա լիարժեք ընտանիքում»,- ասաց Մ.Անտոնյանը` հավելելով, որ այս ոլորտում առաջին հերթին պետք է լինի պետական վերահսկողություն:
Նշվեց նաև, որ «Երեխաների պաշտպանության ցանց»-ն արդեն համագործակցում է Սևծովյան տարածաշրջանային ChildPact կոալիցիայի հետ, որին անդամակցում են այս ոլորտում ութ երկրներից ավելի քան 500 կազմակերպություններ: Անդամակցելով այս միությանը` Ցանցը նպատակ ունի ազդեցություն ունենալ ԵՄ և այլ գլոբալ դերակատարների որոշումների վրա, ինչպես նաև փորձի փոխանակումներ կատարել` այդպիսով նպաստելով ցանցի գործունեության ակտիվացմանն ու համակարգի արդյունավետ գործառնմանը, ինչպես նաև բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրների տարածաշրջանային հարթակում:
«Բոլոր երկրներում էլ խնդիրները նույնն են, պարզապես պետք է հասնենք նրան, որ կարողանանք համատեղ ուժերով երեխաների պաշտպանության ոլորտում զգալի արդյունքների հասնել»,- ասաց Մ.Անտոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին