Երևանյան փառատոն. Նշվում է Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տոնում է Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգի ժամանակ հնչելու է Բեթհովեն՝ «Լեոնորա-3» նախերգանք, Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 23, Մոցարտ՝ Կոնցերտ ֆլեյտայի և տավիղի համար, Դեբյուսի՝ «Ծովը»: Մենակատարներն են՝ դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը (Գերմանիա)մ ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա), տավիղահար Յանա Բուժկովան (Չեխիա): Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին ու կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը, կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նախորդող նորություն` Մեկնարկում է Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը