«ГА». Ո՞րն է մարտի 1-ի հանձնաժողովը վերակազմավորելու նպատակը
Անդրադառնալով 2008թ-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրության նպատակով ՀՀ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը` «Голос Армении»-ն գրում է, որ նման հանձնաժողով արդեն մեկ անգամ գործել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:
Թերթը նշում է, որ հանձնաժողովը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ով է մեղավոր այդ ողբերգական իրադարձությունների ժամանակ 10 մարդկային զոհերի համար, սակայն հանձնաժողովը հաստատեց, որ մարտի 1-ին իրավապահ մարմինների գործողությունները Ազատության հրապարակում իրավաչափ էին, սակայն ադեկվատ չէին:
«ГА»-ն նշում է, որ 2008թ-ին Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը առաջարկել էր ՀԱԿ-ին ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներում, սակայն Կոնգրեսը մերժել էր առաջարկը, ուստի թերթը գրում է հետևյալը. «Ինչո՞ւ 2008թ-ին ՀԱԿ-ը հրաժարվեց մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին Ո՞րն է ներկայումս մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրության կապակցությամբ ժամանակավոր հանձնաժողովի կրկնօրինակի ստեղծման նպատակն այսօր: Քաղաքական սպեկուլյացիաներ անելու հնարավորությու՞նը»: Թերթը ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, Կոնգրեսի նպատակն է ուղղակի հայտարարել, որ իրենք կատարել են մարտի 1-2 ողբերգական դեպքերի մասին բարձրաձայնելու իրենց խոստումը, իսկ թե իրականում հանձնաժողովի աշխատանքն ինչ արդյունավետություն կունենա իրենց քիչ է անհանգստացնում: