Հայաստանում մահացությունների 50%-ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում
Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում այսօր նշվում է որպես սրտի համաշխարհային օր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի գլխավոր սրտաբան, Առողջապահության նախարարության Ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զեյվելյանը, օրվա խորհրդի համաձայն այս օրը հանրության ուշադրությունը պետք է սևեռվի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման վրա:
Նրա խոսքերով՝ ամբողջ աշխարհում տարեկան 17 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից. կանխատեսվում է, որ 2030թ-ին այդ թիվը կհասնի 23 մլն-ի:
«Այդ պատճառով էլ Սրտի համաշխարհային ֆեդերացիան որոշել է տարվա մեջ մեկ օր մարդկանց ուշադրությունը սևեռել այդ խնդիրների վրա; Դա նաև հնարավորություն կտա ինչ-որ ձևով նվազեցնել հիվանդությունների և մահացությունների թիվը»,- ասաց Պ.Զեյվելյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ մասնագետի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մահացությունների 50%-ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում:
«Խնդիրն արդիական է և բավականին լուրջ»,- ասաց սրտաբանը: Պ.Զեյվելյանի խոսքերով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մահացության 80 տոկոսը հնարավոր է նվազեցնել ռիսկի գործոնների` ալկոհոլի, ծխախոտի, անառողջ սննդի, թերակտիվության վերացման դեպքում: Այսինքն՝ կենսակերպի փոփոխության, առողջ ապրելակերպի քարոզչության դեպքում սիրտ-անոթային հիվանդությունները ակնհայտորեն կնվազեն:
Պ.Զեյվելյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների հայտնաբերելիության երիտասարդացում, այսինքն` երիտասարդներն արդեն սկսել են գիտակցել իրենց առողջության կարևորությունը և դիմել բժիշկների: Նրա փոխանցմամբ՝ միայն Երևանի չափահաս բնակչության յուրաքանչյուր 3-րդ անդամը կամ բնակչության 30 տոկոսը զարկերակային գերճնշման խնդիր ունի, ինչը ժամանակին չհայտնաբերելու և գրագետ բուժում չիրականացնելու արդյունքում կվերածվի լուրջ բարդությունների:
Նա տեղեկացրեց, որ այս տարի Սրտի համաշխարհային ֆեդերացիան սրտի համաշխարհային օրը նշում է «Մեկ աշխարհ, մեկ տուն և մեկ սիրտ» խորագրի ներքո: Ըստ նրա՝ դա նշանակում է, որ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն կանանց և երեխաների առողջությանը, քանի որ հետազոտված և փաստված է, որ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերելիությունն ավելի ցածր է կանանց մոտ: Պատճառներն հետևյալն են՝ կանայք ավելի քիչ են դիմում բժիշկի, ավելի քիչ են գանգատվում առողջական խնդիրներից, իրենց օրգանիզմի նկատմամբ ավելի հանդուրժող են:
Սրտաբանը ռիսկի գործոններից առանձնացնելով ավելցուկային քաշը, նշեց, որ օրինակ՝ դպրոցահասակ երեխաների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը մոտ 40 տոկոս է, նույնքան էլ՝ ճարպակալությունը:
«Երեխաների գերակշիռ մասը անառողջ կենսակերպով է ապրում՝ ինչպես սննդի, այնպես էլ թերակտիվության հետ կապված: Այսինքն՝ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա սրտանոթային հիվանդությունների թիվը կաճի: Հաշվի առնելով դա, Սրտի համաշխարհային ֆեդերացիան ընտրել է «Մեկ աշխարհ, մեկ տուն և մեկ սիրտ» խորագիրը, որպեսզի մայրերը իրենց երեխաների սննդակարգին առավել մեծ ուշադրություն դարձնեն, երեխաներին ստիպողաբար չկերակրեն և այլն»,- ասաց նա՝ հավելելով, որ «առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսը տեղին է բոլոր ժամանակներում:
Ինչ վերաբերում է եղանակային փոփոխություններով պայմանավորված խնդիրներին, Պ. Զելվեյանը նշեց, որ եթե օրգանիզմն ունի ինչ-որ խնդիր, ապա դժվարությամբ է հարմարվում ինչպես եղանակային, այնպես էլ այլ փոփոխությունների: Բժիշկը սրտանոթային հիվանդությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տալիս հատկապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առավել հաճախ խորհրդակցեն բժիշկների հետ:
Անդրադառնալով Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, նշեց, որ այն նպաստել է սրտանոթային հիվանդությունների ժամանակին հայտնաբերմանը և բուժմանը, ինչպես նաև կտրուկ բարձրացել է բժշկի դիմելիությունը: «Եթե առաջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չէին դիմում, ապա այժմ կտրուկ բարձրացել է դիմելիությունը, հատկապես ուսուցիչների շրջանում»,-ասաց Պ.Զեյվելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները