Խաչիկյանն այս պահի դրությամբ մեղադրվում է 240 մլն դրամի հափշտակության մեջ
Այս պահի դրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է 240 մլն դրամ հափշտակելու մեջ: Այս տվյալնները Panorama.am-ին տրամադրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Երեկ խոսքը 200 մլն դրամ յուրացնելու մասին էր: Դատախազությունից չբացառեցին, որ 240 մլն դրամն էլ հետագայում կարող է փոփոխվել:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և նույն ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Խաչիկյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Իսկ Գրիգորյանին ու Աբրահամյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (յուրացնելը), 314-րդ հոդվածով (պաշտոնական կեղծքի) նախատեսված արարք կատարելու համար:
Սպասվում է, որ մյուս ձերբակալվածին` Վիգեն Գևորգյանին մեղադրանք կառաջադրվի այսօր:
Նախորդող հրապարակումներ`Խաչիկյանի գործով ձերբակալվել է նաև գանձապահը
Խաչիկյանը և մյուսները երկու ամսով կալանավորվեցին
Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել 200 մլն դրամ յուրացնելու համար. Սպասվում է ևս մեկ ձերբակալություն