Խաչիկյանի գործով ձերբակալվել է նաև գանձապահը
Վազգեն Խաչիկյանի գործի շրջանակում ձերբակալվել է նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից: Վ. Գևորգյանին կալանավորելու միջնորդություն դատարանն այս պահի դրությամբ չի ստացել:
Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ապահովության ոլորտում թալանի գործով ձերբակալված երեք նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և նույն ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Խաչիկյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 314-րդ հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Խաչիկյանը մասնավորապես, մեղադրվում է 200 մլն դրամ յուրացնելու համար:
Իսկ Գրիգորյանին ու Աբրահամյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (յուրացնելը), 314-րդ հոդվածով (պաշտոնական կեղծքի) նախատեսված արարք կատարելու համար:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է: 2012 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 29 անձանց:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
28.09.12թ. դրությամբ քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: