Թուրքիան մեկ նպատակ է հետապնդում՝ տարածաշրջանային անկայություն հրահրել
Թուրքիայի վարչապետ Էրդողանն անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ևս մեկ անգամ կրկնել է թուրքական կողմի այն տեսակետը, թե «մինչև ադրբեջանցի եղբայրների իրավունքները չվերականգնվեն, Թուրքիայի դիրքորոշումը ԼՂ հարցում չի փոխվի»:
Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է թուրքական կողմը ցանկացած հնարավորության դեպքում անընդհատ կրկնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված իր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկ քայլ հետ է շպրտվում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց. «Ցանկացած նման հայտարարություն սրում է առանց այդ էլ անկայուն տարածաշրջանային իրավիճակը: Անկասկած Թուրքիան գիտակցում է այդ պարզ ճշմարտությունը և իր հայտարարություններով մեկ հիմնական նպատակ է հետապնդում. ամեն ինչ անել տարածաշրջանում անկայության հրահրման համար»:
Նրա խոսքերով, պաշտոնական Անկարան նման հայտարարություններով ոչ միայն հեղինակազրկվում է, այլ՝ անվերապահորեն պաշտպանելով ադրբեջանական կողմի դիրքորոշումները, կիսում է Բաքվի կողմից իրականացրած քաղաքականության դառը պտուղները:
«Այսօր միանշանակ կարելի է ֆիքսել, որ եվրոպական արժեքների նկատմամբ ունեցած իրենց մոտեցումներով, Ադրբեջանն ու Թուրքիան լիովին մեկուսացել են արտաքին աշխարհից, իսկ իրենց պատկերացումները ոչ մի կերպ չեն ընկալվում քաղաքակիրթ աշխարհի կողմից»,- հավելեց տիկին Աճեմյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները