Թուրքական դատարանը վճռել է, որ «հայ»-ը վիրավորանք չէ
Թուրքիայում ավարտվել է երկրի գլխավոր ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուին հայ անվանած գրող Սուլեյման Յեշիլյուրթի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Յեշիլյուրթը հեղինակել էր «Դերսիմցի հայուհի Յեմուշի տղա, ինժեներ Քեմալ» վերտառությամբ գիրքը, որտեղ ներկայացնում էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական ծագումը: Քըլըչդարօղլուն իր ներկայացրած հայցադիմումում նշել էր ,որ գրքում իրեն հայ ներկայացնելը նպատակ է ունեցել «սևացնել իր հեղինակությունը»:
Թուրքական «Ensonhaber.com» լրավական կայքը տեղեկացնում է, որ Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանը վճռել է, որ վերոնշյալ գրքում տեղ գտած արտահայտությունները չեն վնասում Քըլըչդարօղլուի քաղաքական հեղինակությանը և դիտարկվում են խոսքի ազատության տեսանկյունից:
Մինչդեռ, պարբերականը նաև նշում է, որ անցած տարի թուրքական դատարանը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հայ անվանելու համար, ընդդիմադիր գործիչ Ջանան Արըթմանին ստիպեց վճարել փոխհատուցում: