«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքները. ԲՀԿ-ականները լքեցին ԱԺ-ն
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության քվեարկությունը և, ընդհանրապես ԱԺ այս քառօրյա նիստերը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում միջնորդագրի վերաբերյալ ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները միտումնավոր այսօր հարցեր չեն ուղղել գլխավոր դատախազին, քանի որ իրենք համարում են, որ միջնորդությունը որևէ իրավական հիմնավորումներ չունի և այն բացառապես քաղաքական ենթատեքստ է պարունակում:
«Բոլորիդ համար էլ դա ակնհայտ է. քաղաքական դրդապատճառներով վերաբերմունքը ԲՀԿ-ի հանդեպ սկսվեց համագումարից հետո: Միջնորդությունը իրավական հիմնավորում չունի: Շատ հստակ ձևակերպվեց, որ գումարը տեղում է, բողոքող չկա: Ավելին, նա ով պետք է բողոքեր, հստակ ասել է, որ գումարը թողնում է Վարդան Օսկանյանի հայեցողությանը: Այս պարագայում մեր միակ եզրակացությունն այն է, որ սա քաղաքական պատվեր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` նկատելով, որ այս մասին տեղեկացվելու են միջազգային բոլոր հնարավոր կազմակերպությունները:
Այս ամենից ելնելով, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այս քննարկումից հետո, «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամները, կլքեն ԱԺ շենքը, չեն մասնակցելու ԱԺ այս քառօրյայի աշխատանքներին, իսկ հետագա մասնակցությունը ԱԺ աշխատանքներին, կքննարկեն հետագայում: «Իսկ քվեարկության ժամանակ ԲՀԿ պատգամավորները չեն լինի տարածքում, չեն հսկի, քանի որ մեզ համար արդեն պարզ է` ինչպես է ընթանալու քվեարկությունը», -հավելեց Զոհրաբյանը` դիմելով խորհրդարանական մյուս խմբակցություններին հորդորեց չմասնակցել այս քվեարկությանը:
«Մասնակցելով այս քվեարկությանը, դուք ուղղակի կլեգիտիմացնեք այս ֆարսը, հետևաբար հորդորում եմ բոլորին չմասնակցել այս քվեարկությանը», -հավելեց Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները